ԱՄՆ հետախուզությունը բացառիկ տվյալներ է ստացել ԴԱԻՇ-ի մասին
Ամերիկյան հետախուզությանը հաջողվել է ձեռք բերել փաստաթղթեր, որոնք տեղեկություններ են պարունակում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման մասին, գրում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ մայիսի 16-ին Սիրիայում անցկացված հատուկ օպերացիայի արդյունքում առգրավվել են նոութբուքներ, բջջային հեռախոսներ ու տեղեկատվության այլ կրիչներ, որոնք պատկանել են զիյալներին:
Ընդհանուր առմամբ՝ առգրավվել է 7 տերաբայթ տվյալներ: Ստացված տեղեկությունն արդեն օգնել է մայիսի 31-ին ոչնչացնել ԴԱԻՇ-ի ղեկավարներից Աբու Համիդին, սակայն խմբավորման անդամները նրա մահվան փաստը չեն հաստատել:
Այսպես, հայտնի է դարձել, թե ինչու մինչ օրս չի հաջողվել պարզել ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրը:
Պատճառն այն է, որ նա խուսափում է կապի էլեկտրոնային միջոցներից: Ինչպես գրում է թերթը, նա պարբերաբար իր կողմնակիցների հետ հանդիպումներ է անցկացնում Սիրիայի Ռաքքա քաղաքի իր կենտրոնակայանում: Ընդ որում՝ նրանց հանդիպման են բերում վարորդները, որոնք հետևում են, որ բջջայիններ ու այլ էլեկտրոնային սարքավորումներ տարածք չբերվեն:
ԴԱԻՇ-ի ղեկավարների կանայք, ինչպես պարզվել է, կապի միջոցի դեր են կատարում: Նրանք տեղեկությունը փոխանցում են իրար, ապա՝ իրենց ամուսիններին: Այդկերպ, հնարավորությունը, որ այդ տվյալները կընկնեն այլոց ձեռքը, գրեթե բացառվում է: