Անհաց տեսարաններ
Երեկ Ազգային ժողովում շարունակվում էին Գլխավոր դատախազի կողմից ներկայացված 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումները: Վաղուց այդքան պաթոս չէր հնչել Ազգային ժողովում՝ ինչպես գլխավոր դատախազին քննադատող ընդդիմադիրների ելույթներում, այնպես էլ իշխանականների ու դատախազ Գևորգ Կոստանյանի՝ դրանց ուղղված պատասխաններում: Բայց դրանից Հայաստանում ոչինչ չի փոխվում և չի փոխվելու, անպատժելիության ու անօրինականության մթնոլորտը շարունակվելու է, իշխանությունը շարունակելու է հովանավորել յուրայիններին ու հանցագործ դարձնել «ոչ յուրային», անցանկալի գործիչներին: Առաջիկա օրերին Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով:
Վստահաբար կրկին պաթետիկ ելույթներ են հնչելու, բայց կրկին դրանից ոչինչ չի փոխվելու. Էլեկտրաէներգիան թանկանալու է այնքանով, որքանով որոշել է իշխանությունը: Ինչպես որ ազատազրկման են դատապարտվում կամ պատասխանատվությունից ազատվում են նրանք, ում որոշում է նույն իշխանությունը: Իսկ հասարակությանը մնում է բավարարվել տեսարաններով, որոնք տեղ-տեղ նույնիսկ բավական դիտարժան ու հուզիչ են լինում: