Կոստանյանի պատասխանը Փաշինյանին
Այսօր ԱԺ նիստում՝ ամփոփելով ՀՀ դատախազության 2014թ. գործունեության մասին հաղորդման քննակումները, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահություն հայտնեց, որ բոլորը հետևություն անելու կարիք ունեն՝ թե՛ բովանդակության, թե՛ ձևի տեսակետից: Նա կարևորեց, որ քննարկումներն իսկապես բովանդակության մեջ լինեն ու կրկնեց, որ չի կարող հարցերին մոտենալ քաղաքական տեսակետից:
Ըստ Կոստանյանի՝ դժվար է կոնկրետ գործերն ընդհանրացնելով՝ պատկերացում կազմել դատախազության աշխատանքի մասին: Նա նշեց, թե որոշ ելույթներում բովանդակություն չտեսավ, դրանք միայն ձևական էին. «Դատախազին գրավիչ է հարցադրումներ անել, որ մամուլում վերնագրեր կդառնան: Իմ վարքագիծը երբեք վերնագրերի հիմքում չեմ ուզեցել դնել»:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Կոստանյանը նշեց, որ հնարավորություն չի տեսնում մասնագիտական հարթության մեջ քննակել խնդիրները: «Դուք իրավաբանությունը կարող եք համարել բառակույտ, նույն ձև՝ աստղագիտությունը աստղերի կույտ կարող եք համարել, մաթեմատիկան էլ՝ թվերի կույտ, հետևաբար այդ պայմաններում ես չեմ համարում, որ ձեր հետ կառուցողական քննարկումը հնարավոր է առնվազն իմ կողմից: Այս ամբիոնը կարող է հիմք ծառայել անձի, կուսակցության կայացման համար, բայց դա ճիշտ չէ, ու երբ ԱԺ ամբիոնից հնչում են նման էմոցիոնալ ու վիրավորական դրսևորումներով ճառեր, զուտ որպես երկրի քաղաքացի ինձ համար ընդունելի չէ, որովհետև այս ամբիոնը չի կարող անձնական դրսևորման միջոց ծառայել»,- ասաց Գ.Կոստանյանը:
Ըստ նրա՝ ժեստիկուլյացիայի դրսևորումը բարդույթների առկայության պայմաններում կարող է խնդիրներ առաջացնել, բայց իր ժեստիկույացիայի տարրերը կարելի է հանդիպել հռետորաբանութան ցանկացած գրքում: «Չեմ կարող համարել, որ դատախազության աշխատանքը կատարյալ է, բայց առաջընթացի համար քայլեր իսկապես արվում են»,- ասաց Գ.Կոստանյանը: