
«Եթե կան մարդիկ, որ կարող են մարդ սպանել, երեխայի աչք հանել…». Նաիրա Զոհրաբյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասին

Այսօր ԱԺ նիստում դատախազության 2014թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ եթե Գևորգ Կոստանյանի փոխարեն ուրիշ մարդ լիներ գլխավոր դատախազի պաշտոնում, կարող է արմագեդոն տեղի ունենար:
Ամեն դեպքում, ըստ նրա, մեր երկրում կա վստահության խնդիր: Ն.Զոհրաբյանի խոսքով՝ աղքատության ծավալների հետ մեկտեղ ՀՀ քաղաքացին բողոքում է առաջին հերթին դատական համակագից՝ խոսելով արդարադատության պակասից ու կոռուպցիայից: Ըստ նրա՝ քաղաքացիները հաճախ չեն դիմում դատարաններ՝ առաջնորդվելով «շառից, փորձանքից հեռու» սկզբունքով:
«Արատավոր համակարգում, որտեղ գործում են հստակ խաղի կանոններ՝ մեր երկրում կա արտոնյալների մի խավ, ովքեր վեր են ցանկացած Սահմանադրությունից ու օրենքից, Ձեր ցանկացած բարի մտադրությունները հանգելու են առ ոչնչի: Եթե կան մարդիկ, որ կարող են մարդ սպանել, երեխայի աչք հանել և հետո դա բացատրել խոհարարական, կուլինարական կուլտով առ կանեփը, բնական է, որևէ միսիա իրականացնել նման համակարգում ուղղակիորեն հնարավոր չէ: Այստեղ խնդիրը խաղի կանոններն են և համակարգային լրջագույն փոփոխություններ են, որ պետք է արվեն: Ու օրենքից վեր չպետք է լինեն մարդիկ ու չլինեն խաղեր: Միայն այս դեպքում կարող ենք սկսել խոսել իրական փոփոխությունների մասին»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ դատական զավեշտների կատագերգական ժողովածուի մեջ կարելի է ներառել Վարդան Օսկանյանի դեմ արված միջնորդությունը. «Երբ դատարանները կատարում են քաղաքական պատվերներ, դրա մասին պետք է խոսել, հակառակ դեպքում դառնում ենք հանցագործության մասնակից»: