Կրթությունից զրկված երեխան գտնվեց

Հասարակությունը տեղյակ է, որ ՀՀ ոստիկանությունը Նելլի Դուրյանի գլխավորությամբ հունիսի 6-ին Դիլիջանում հայտնաբերեց հետախուզման մեջ գտնվող անձանց, այդ թվում 7 ամիս կրթությունից զրկված 8-ամյա երեխային:

Ամբողջ օրը գտնվելով Կոտայքի քննչական վարչությունում, հետևել եմ, թե ինչպես է իրականացվելու սույն թվականի մայիսի 22-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն դատարանի կայացրած վճիռը՝ երեխային հանձնել մորը, ով ուղիղ յոթ ամիս գտնվելով միայն հոր ազդեցության ներքո, պարզապես թշնամաբար էր տրամադրված մոր նկատմամբ:

Անկեղծ ասած, պահեր եղան, որ չէի հավատում, թե հնարավոր կլինի փոխել երեխայի տրամադրվածությունը: Անհրաժեշտ էր շատ զգուշավոր ու համբերատար աշխատանք, որը տևեց 10 ժամ:Այս հոգետանջ աշխատանքի մեջ ներգրավվեցին Կոտայքի մարզի քննչականի քննիչները, ԴԱՀԿ-ի Երևանից եկած տղաները, Կոտայքի մարզի երեխաների և կանանց իրավունքների վարչության աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի երեխաների և կանանց իրավունքների վարչության պետ Իդա Խաչատրյանը:

Ես ականատեսն եղա, թե ինչպես էին փոխվում թե՛ քննչականի, թե՛ ԴԱՀԿ-ի տղաների դեմքերը, երբ նրանք հերթով զրուցելու էին մտնում այն սենյակը, որտեղ երեխան էր:

Նրանց արդեն հաջողվել էր մի փոքր փոխել երեխայի տրամադրությունը, երբ գործընթացին միացավ մարզի հոգեբանը: Իսկ երբ Երևանից հասավ Իդան, նրան արմատապես հաջողվեց փոխել երեխայի տրամադրվածությունն ու կազմակերպել երեխայի հանդիպումը մոր հետ, որից հետո էլ արդեն երեկոյան ժամը 10-ին վերջապես միասին դուրս եկան ոստիկանությունից: ԴԱՀԿ-ի ոստիկանության տղաները մինչև վերջ ուղեկցեցին այն մեքենան, որտեղ երեխան էր, որովհետև այս օպերացիայի բոլոր մասնակիցները համոզվեցին, որ հոր սպառնալի հայտարարությունները վտանգավոր են:

Ինչևէ, փառք Աստծո, երեխան հիմա մոր ու հարազատների ապահով, սիրալիր գրկում է և նրա կրթությունը հավուր պատշաճի անպայման կշարունակվի: Կեցցեն երեխայի իրավունքների վերականգմանն ուղղված այս բարդ աշխատանքն իրականացրած բոլոր ներկա և հեռակա սատարողները:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

Տեսանյութեր

Լրահոս