«5 ամիս Սուրիկ Խաչատրյանի որդուն չկարողացան բերման ենթարկել, իսկ այդ ժամանակ նա «Բրաբուսը» քշում էր մայթերով». Նիկոլ Փաշինյան
«Քննարկում ենք ՀՀ դատախազության 2014թ. գործունեության հաղորդումը և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ լրջագույն փորձությունների ենթարկելով մեր համբերությունը, խփելով շատախոսության բոլոր հնարավոր ռեկորդները, մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը: Ու չնայած այդ ընթացքւմ կիրառում էր կասկածելի ու մեծ հաշվով շուոմենին հարիր ժեստիկուլյացիա, շոուն չստացվեց, որովհետև, ով՝ ով, բայց հայ հանրությունը լավ գիտի, ժողովրդական լեզվով ասած՝ ինչ բեջուրա կենդանի է գևորգկոսնայնական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ իրավաբանությունը, օրինակ, որոշել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ քնած է եղել և չի եղել Ավետիք Բուդաղյանի հետ տեղի ունեցածի դեպքի վայրում:
Սակայն, Ն. Փաշինյանի խոսքով, այդ իրադարձությունները տեսաձայնագրվել են, և ուսումնասիրելով այդ տեսանյութը, ինքը կրկին հարց է ուղղել, թե արդյոք այդ տեսաձայնագրության մեջ ո՞վ է ձայն տալիս Ա. Բուդաղյանին, ո՞ւմ կանչի վրա է Բուդաղյանը ետ շրջվում և ստանում մահացու կրակոցը:
Պատգամավորը նշեց, որ Կոստանյանն ընդունեց, որ նման կանչ կա, բայց տվեց մի շատ զարմանալի պատասխան՝ ով է կանչել, ով չի կանչել, էական չէ: Ն.Փաշինյանի կարծիքով՝ սա չափազանց տարօրինակ պատասխան է. «Այդ կանչի դրվագը առանցքային նշանակություն ունի այդ պատմության համար: Եթե պարզվի, որ այդ կանչի հեղինակը Սուրիկ Խաչատրյանն է, իսկ ես խորապես համոզված եմ, որ Սուրիկ Խաչատրյանն է, Գևորգ Կոստանյանի առաջ քաշած վարկածը Սուրիկ Խաչատրյանի դեպքի վայրում չլինելու մասին, ակնհայտ գլխովին կջախջախվի:
Ակնհայտ կապացուցվի, որ դա կեղծ և շինծու վարկած է: Իսկ Կոստանյանն ասում է, որ դա էական չէ: Այսպես կարող է ասել մի մարդ, ով կիլոմետրերով հեռու է իրավաբանությունից, կամ ով զբաղված է կեղծողի, կոծկողի, պարտակողի պրոֆեսիոնալ գործունեությամբ»:
Ն.Փաշինյանը նշեց, որ Ս.Խաչատրյանի մի քանի մերձավորներին գաղտնալսելու միջնորդությունը չեն բավարարել՝ տեխնիկական պատճառներով. «Ես բացատրություն եմ պահանջում՝ սա ի՞նչ իրավական համակարգ է: Գևորգ Կոստանյանը այս ամբիոնում մի ոգևորվում է, տեղում թռվռում է, ասում է՝ ճշտեք փաստերը, ոչ ոք, ոչ դատարանը Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու որոշում չի կայացրել: Պարո՛ն դատախազ, հանգստացեք, ո՞վ է այս ամբիոնում հիշատակել Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու որոշման մասին: Այստեղ խոսվել է Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին գաղտնալսելու մասին: Սուրիկ Խաչատրյանն առանցքային օբյեկտ է և դա հիմնավորվում է դատարանի որոշմամբ, որովհետև թույլատրում են գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի վարորդներ այսինչ այսինչյանին:
Կարող ենք արձանագրել, որ այդ մարդիկ ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի վարորդներն են, այլ ժամանակակից տերմինաբանության համար, Սուրիկ Խաչատրյանի հեռախոս բռնելու մասին է խոսքը: Էլ քանի՞ կոպեկի արժեք ունի դատարանի որոշումը, Ձեր դատախազությունը, որ դատարանի որոշումը չի իրականացվում: Երբ գաղտնալսման հերթը ընդդիմադիրներինն է, ոչ մի տեխնիկական խնդիր չեք ունենում, 24 ժամ գաղտնալսում եք: Ու Գևորգ Կոստանյանն ասում է՝ եթե ապացուցվի, դատի կտամ:
Էլ ո՞նց պիտի ապացուցվի, ապացույցների վրա նստած, ապացույցներ եք ման գալիս: Բա տեխնիկական բարդություն ուենք, լսողության բարդություն ունենք, քաղաքական բարդություն ունեք, քաղաքագիտական բարդություն ունեք, էլ ո՞նց պիտի ապացուցվի»:
Փաշինյանի խոսքով՝ 5 ամիս Սուրիկ Խաչատրյանի որդուն չկարողացան բերման ենթարկել, իսկ այդ ժամանակ Սուրիկ Խաչատրյանի որդին իր «Բրաբուսը» քշում էր Մաշտոցի պողոտայի մայթերով ու ոստիկանները համարձակվում են տանում են տուգանային հրապարակ, «մեկ էլ Սերժ հոպարը ասում է երեխային ու իր «Բրաբուսը» հանգիստ թողեք, ի՞նչ ա արել, հո՞ չի կերել ձեր մայթեը, մի հատ մայթի վայով քշել է, էլի»:
Փաշինյանը կրկին անդրադարձավ ժեստիկուլյցիային ու հայտարարեց, թե Կոստանյանը չի կողմնորոշվում՝ ինչ է անում. «Ձեր ցուցամատը ձեզ պահեք: Ի՞նչ է նշանակում պատգամավորը հարց տա՝ ցուցամատ թափ տաք: Սա ձեզ նշանակող մարմինն է: Խոստանում եմ՝ եթե այդպես շարունակի, ամեն անգամ ԱԺ գալուց հետո հոգեբանի օգնության կարիք եք ունենալու: Մի հատ էլ պատգամավորին ասում է՝ կարող է չհասկանաք, բայց գիտես իրավաբանությունը ինչ է: Կոստանյան Գևո՛րգ, ես ձեզ և ձեր նմաններին հասկանալու տեսություն և պրակտիկա կարող եմ դասավանդել: Սա հաշվի առեք: Եթե հասկացաք՝ շատ լավ, եթե չհասկացաք, ուրեմն՝ խոստավցած դասընթացներ կարիք կա»:
«Շատ ենք խոսում դուխից ու շատ դուխով ենք խոսում, դա շատ վատ է: Իռոնիան հանեք, ամեն ինչ տեղը կընկնի»,- Փաշինյանի ելույթից հետո նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: