«Մենք Քիմ Քարդաշյանը չենք, որ մեզ փոխանցեն իրար». Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու
«Եթե սրիկայություններ չանեն՝ Վահագն Գևորգյանի օգտին 5 %-ից ավելի էլ չեն քվեարկի, նրան ոչ ոք չի ճանաչում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը՝ խոսելով հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների մասին:
Նա խնդրում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հանձն առնել, որ նման «խուլիգանություններ» չկատարվեն նրանց կողմից. «Որպեսզի երիտասարդները թշնամանք չունենան իրենց հանդեպ, որպեսզի այդ օրն անտեղի կռիվներ չլինեն: Ոչ մեկս էլ չենք ուզում կեղծ ընտրություններ՝ ինձնից սկսած՝ Պալաչով վերջացրած, բոլորս էլ այդ սրիկայությունների դեմ պայքարելու ենք, մենք չենք քննարկել իրար հետ, բայց բոլորիս նպատակը մեկն է՝ ազնիվ, արդար ընտրություններ»:
Հարցին՝ եթե Վահագն Գևորգյանն ընտրվի քաղաքապետ, ի՞նչ եք անելու, Կ. Իսրայելյանը պատասխանեց, որ, եթե նա ազնիվ ընտրվի՝ ոչինչ էլ չի անի. «Ժամանակին ինձանից խլել են քաղաքը, հիմա էլ մենք Քիմ Քարդաշյանը չենք, որ մեզ փոխանցեն իրար: Իրենք չեն ուզում քաղաքը թողնեն, մենք չենք ուզում այլևս Առինջի ստրուկը լինենք, ստրկությանը վե՛րջ: Ես ցավում եմ, որ հենց իմ ձեռքով է օժիտը գնացել, ես, որ քաղաքապետն էի այն ժամանակ, ինձ խաբեցին, ես էլ ասեցի՝ ջահել եք, գնացեք աշխատեք, Աստված ձեզ հետ»:
Հարցին՝ հավանականությունը մե՞ծ է, որ Դուք կընտրվեք՝ արդար ընտությունների պարագայում, Կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Թող ես չընտրվեմ, թող իրենցից մեկն ընտրվի, քաղաքը դուրս գա ստրկությունից: Ոչ մեկս չենք ուզում ստրկության մեջ ապրենք»:
Հարցին էլ՝ Վահագն Գևորգյանից բացի՝ մյուս երկու թեկնածուների ընտրության պարագայում Դուք գոհ կլինե՞ք ընտրությունների արդյունքներից, Կ. Իսրայելյանը պատասխանեց, որ շատ գոհ կլինի: