Ստեփան Մարգարյանը դժգոհ է Հյուսիս-Հարավի որակից
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դժգոհեց Հյուսիս-Հարավ մայրուղու՝ Արարատի հատվածից: Ըստ նրա՝ ալիքաձև տատանումներ կան և կապերի հատվածում զգալի անհարթություն է: «Չեմ կարծում, որ դա էր մեր երազած Հյուսիս-Հարավը»,- ասաց Ս.Մարգարյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ ճանապարհի ծածկը բետոնյա է և այլ բան նախատեսված չէ: Ըստ նրա՝ այժմ կատարվում են ավարտական թեստային աշխատանքներ՝ ճանապարհի հարմարավետությունը բարձրացնելու ուղղությամբ, կարերը կծածկվեն ռեզինով, ինչը կմեղմի ձայնը: Նա նշեց, որ ձեռք է բերվել վերջին թեստային սարքը:
«Ավելի հարմարավետ է ասֆալտ-բետոնե ծածկը, բայց ընտրվել է բետոնը՝ հաշվի առնելով տարանցիկությունը և ծանրաքարշ մեքենաների երթևեկը»,- ասաց Ա.Առաքելյանը՝ վստահեցնելով, որ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո երթևեկությունը հարմարավետ կլինի: