Սարգսյան-Ծառուկյան համատեղ մեսիջը. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ, ի դեպ, երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել փետրվարյան հանրահայտ իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ հայտնությունը հասարակությանը: Նրանք միասին մասնակցել են կինոթատրոնի և զվարճանքի կենտրոնի բացման արարողությանը, որտեղ հավանաբար իր բիզնես ներդրումն ունի Գագիկ Ծառուկյանը:
Այսպիսով, այն բանից հետո, երբ փետրվարին Սերժ Սարգսյանը բավական կոշտ և կոպիտ մեթոդներով ստիպեց Գագիկ Ծառուկյանին հեռանալ քաղաքականությունից, այս հայտնությունը աչքի է ընկել միանգամից եռանիշ խորհրդանշականությամբ՝ նախ այն երեխաների պաշտպանության օրն է տեղի ունեցել, հետո բացվել է կինոթատրոն ու զվարճանքի կենտրոն, և վերջապես՝ այդ կենտրոնի անունն է Հայաստան:
Այսպիսով, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, ավետել են քաղաքական դժվարին և անհաշտ ժամանակների դե ֆակտո ավարտն ու զվարճանքի և ժամանցի ժամանակների մեկնարկը: Քաղաքականության փոխարեն պետք է վայելել կյանքն ու զվարճանալ: Ահա Սարգսյան-Ծառուկյան համատեղ մեսիջը երեխաների պաշտպանության օրը: Միգուցե այս մեսիջի ենթատեքստն այն էր, որ ոչ ոք իր հնարավորություններից մեծ հավակնություններ չցուցաբերի: Թե ում են ուղղված այս մեսիջները, երևի ժամանակը ցույց կտա: Այսինքն՝ ժամանակը կպարզի՝ սրանք հասարակությա՞նը, թե՞ իշխանական որևէ խմբի կամ խմբերի ուղղված մեսիջներ էին:
Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը սրանով փորձել է ցույց տալ, որ Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանի ակտիվացումները բարեգործական ճակատում ոչ թե նրա, այսպես ասած, քաղաքական անհնազանդության նոր դրսևորումների նախերգանք են, այլ իր կողմից լիովին վերահսկելի գործընթաց կամ գործողություն: Ունի սա քաղաքական նպատակներ, թե ոչ՝ շատ դժվար է ասել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է քաղաքական ինչ-որ կոմբինացիաների համար խաղարկե՞լ Գագիկ Ծառուկյանին, թե՞ պարզապես օգտագործում է նրա տնտեսական պոտենցիալը երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներին որոշակի լուծումներ գտնելու, պատկերը ինչ-որ առումով մեղմելու համար, դեռևս որոշակիորեն ասելը դժվար է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։