Վերնիսաժի կրակոցների գործով ամբաստանյալի խափանման միջոցը չփոխվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց 2014թ. մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով: Փաստաբանն ասաց, որ լսել են դատավարության մասնակիցներին, չկա որևէ ազդեցություն, որ իր պաշտպանյալը կարող է ունենալ հարցաքննված անձանց վրա, իր պաշտպանյալը ծանր վիրահատություն է տարել, հետվիրահատական խնամքի և «ուժեղացված սննդի» կարիք ունի, ինչը դժվար թե հնարավոր լինի իրականացնել քննչական մեկուսարանում:
Արայիկ Ալվանդյանն ասաց, որ իր պաշտպանյալ Վալերիկ Հովհաննիսյանն ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրականորեն, հաշմանդամ հոր միակ կերակրողն է: Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի հարազատները պատրաստ են վճարել դատարանի կողմից սահմանված գումարը:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման, քանի որ չեն վերացել Վալերի Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու հիմքերը: Նրա խոսքով՝ ամբաստանյալը շարունակում է մեղադրվել խուլիգանության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), իսկ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում նաև վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը: Տվյալ դեպքում, ըստ նրա, մեծ է վերագրվող արարքի վտանգավորության աստիճանը, որի համար որպես պատիժ՝ նախատեսվում է նաև ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
«Բացի այդ, ինչպես նախաքննության ընթացքում, ներկայումս նաև դատարանում Վալերիկ Հովհաննիսյանը խոչընդոտել է քննությանը՝ գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ճանապարհով»,- ասաց մեղադրողը:
Նրա խոսքով՝ BMW մակնիշի ավտոմեքենան տարվել է անհայտ ուղղությամբ, և ավտոմեքենան, որը գործով ունի ապացուցողական նշանակություն, մինչ օրս չի ներկայացվել քննությանը:
Մեղադրողի այս խոսքից վրդովվեց ամբաստանյալի հայրը, ով ասաց. «Բայց ո՞վ է տարել մեքենան»:
Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպանն էլ ասաց. «Մեքենան այլ մարդ է տարել, գործով էլ հիմնավորված է, մեքենայի վերաբերյալ գործ է քննվում»: Մեղադրողն ասաց, որ ավտոմեքենան հայտնաբերված չէ:
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: