«Կներե՞մ արդյոք Պլատինիին. բոլորին ներում եմ, բայց ոչինչ չեմ մոռանում». Բլատեր
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի այն կոչերը, որով նա պնդում էր, որ շվեյցարացին պետք է հեռանա այդ պաշտոնից:
Հիշեցնենք, որ Մ. Պլատինին օրեր առաջ՝ Ցյուրիխում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Զեպ Բլատերը պետք է հեռանա կազմակերպության ղեկավարի պաշտոնից»: ՈՒԵՖԱ-ի անդամները հատուկ խորհրդակցություն էին հրավիրել, որի ընթացքում որոշել էին ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկել Զեպ Պլատերի միակ մրցակցի` Հորդանանի արքայազն Ալի Բին Հուսեյնի օգտին: «Այս որոշմանը հակված է ՈւԵՖԱ-ին մաս կազմող 44 ֆեդերացիաներից մոտ 42-ը: Երկու-երեք ազգային ֆեդերացիաներ դեռ տատանվում են», – նշել էր Պլատինին, ով մինչ ընտրությունները՝ ընդամենը վերջերս այդ նպատակով նաև Հայաստան էր այցելել:
«Երկար ժամանակ մենք աջակցում էինք նրան: Բ այց եկել է մի պահ, երբ դա անելն արդեն անհնարին է: Կարծում եմ, որ իրական ընկերության որակը հենց դիմացինին ճշմարտությունն ասելն է: Ես, իհարկե, նրա կրտսեր ընկերն եմ, Բլատերը միշտ ասում էր, որ ինքն իմ քեռին է, ուրեմն ո՞վ, եթե ոչ ես, պետք է նրան ասի ողջ ճշմարտությունը»,- նշել էր Պլատինին:
Բլատերը դուրս չեկավ ընտրապայքարից, մինչև վերջ պայքարեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նաև ասել էր, որ եթե Բլատերը, այնուամենայնիվ, վերընտրվի, ապա հնարավոր է իրենք որոշեն չմասնակցել ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի աշխատանքներին. «Կա՛մ մենք ինքներս ներսից կբարեփոխենք այս կառույցը, կա՛մ դա կարվի դրսից` Հետաքննությունների դաշնային բյուրոյի ջանքերով»:
Շվեյցարացի 79-ամյա Յոզեֆ Բլատերը մայիսի 29-ին վերընտրվեց Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ, և թեև նրա ստացած քվեները պահանջվող երկու երրորդից մի փոքր պակաս էին, երկրորդ փուլից առաջ Հորդանանի արքայազնը ինքնաբացարկ էր հայտնել։ Այդ ընթացքում, իհարկե, ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին կոռուպցիոն գործունեության համար:
Մինչ վերլուծաբանները կարծում են, որ ՖԻՖԱ-ի ճգնաժամը, այնուամենայնիվ, դեռ երկար կշարունակվի, վերընտրվելուց հետո Բլատերը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է.
«Ատելության այս մթնոլորտը ՈւԵՖԱ-ի մեկ անձից չի բխում, այլ ամբողջ կազմակերպությունից, որը մինչ օրս չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ 1998 թվականին ես նախագահ դարձա: Կներե՞մ արդյոք Պլատինիին` հրաժարականիս վերաբերյալ պահանջների և տարբեր կոչերի համար… Ես ներում եմ բոլորին, բայց ոչինչ չեմ մոռանում»,- ասել է նա: