Բաժիններ՝

Ինչպե՞ս է հաղթահարել ճնշումները «Դոժդ» հեռուստաալիքը և ի՞նչ է խորհուրդ տալիս «Դոժդ»-ի ներկայացուցիչը հայաստանյան ԶԼՄ-ն երին

«Հետսովետական տարածքում աշխատող ԶԼՄ-ները պարզապես չպետք է վախենան, քանի որ ցանկացած անելանելի իրավիճակ ամեն դեպքում ունի ելքեր և մի քանիսը»,-168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուսական «Դոժդ» առցանց հեռուստաալիքի հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան, անդրադառնալով «Դոժդ»-ի անցած ուղուն ՌԴ իշխանությունների ճնշումների ներքո և այդ ճնշումների հաղթահարման ուղիներին:

Նա նշեց, որ ենթարկվել են լուրջ ճնշումների և դրանք հիմնականում ֆինանսական բնույթի են եղել: «Մեր փորձով մենք համոզվեցինք, որ ԶԼՄ-ների անկախության, ազատության բանալին տնտեսական, ֆինանսական անկախությունն է, քանի որ երբ դու ունես ֆինանսական խնդիրներ, դրանք քո դեմ են օգտագործվում քո բոլոր գործընկերների` գովազդատուների, բաժնետերերի կողմից: Օրինակ` մեկ օրում բոլոր գովազդատուները հանում են իրենց գովազդները` լուրջ ֆինանսական վնասներ պատճառելով, դա ստիպում է մեզ որոշ ժամանակ աշխատավարձ պակասեցնել, աշխատակազմ կրճատել, դա նախկինում էր, իհարկե, բայց քաղաքականություն կերտողները գովազդատուների միջոցով լուրջ ճնշումների էին դիմում:

Մենք դա զգացել ենք, մեզ փորձել են ոչնչացնել, կտրել գոյատևման բոլոր ֆինանսական հնարավորությունները և մեր բախտը բերեց` մենք հայտնվեցինք այն պահին, երբ Ռուսաստանը, ռուս հասարակությունը պատրաստ էր ԶԼՄ վճարովի մոդելի անցնելուն, մեր ընթերցողը պատրաստ է բաժանորդագրվել, ստանալ մեր ծառայությունը վճարելով այլապես մենք պարզապես չենք կարողանա մատուցել այդ ծառայությունն ընդհանրապես:

Սա է «Դոժդ»-ի գոյատևման բանալին, մենք մատուցում ենք տեղեկատվություն, օբյեկտիվ կարծիքներ մեր ընթերցողին վճարի դիմաց, կվճարեն` կլինի կոնտենտ, չեն վճարի` չի լինի, այլ կերպ մենք չենք կարող, քանի որ մենք Ռուսաստանում փորձում ենք ներկայացնել այն կարծիքը, որն այլ ԶԼՄ-ները քիչ են ներկայացնում կամ ընդհանրապես չեն ներկայացնում: Եթե այս ամենը մեզ հետ պատահեր մի փոքր ավելի վաղ, վախենամ, որ դա մեզ համար կատաստրոֆիկ և ջախջախիչ կդառնար, դժվար է պատկերացնել հետևանքները»,- ասաց Կիրյուշենկոն` շարունակելով, որ ՌԴ-ն ու իր   հասարակությունը զարգանում են: Նա հայաստանյան իր գործընկերներին խորհուրդ տվեց անհրաժեշտության դեպքում ներդնել այդ համակարգը: Իսկ եթե, նրա համոզմամբ, դրա կարիքը չկա, ապա լինել անվախ ու առաջ ընթանալ` զարգացնելով լրատվամիջոցի տեխնիկական ու բովանդակային հնարավորությունները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս