«Խնդրել եմ հորս՝ չմիջամտել իմ ընտրություններին». Արգամ Աբրահամյան

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանը, ով Արտաշատ քաղաքի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուն է, գրանցվեց ֆեյսբուքում։ Երիտասարդը կատարեց իր առաջին գրառումը` խոստանալով լինել շփումներում բաց ու պատրաստակամություն հայտնեց աշխատել լրատվամիջոցների հետ։ Օգտվելով առիթից՝ BlogNews-ը մի քանի հարց ուղղեց քաղաքականություն նոր մտնել ցանկացող Արգամ Աբրահամյանին։

– Պրն Աբրահամյան, կարծես թե քաղաքականություն մտնելու մտադրություն չունեիք։ Հայտնի է, որ 2012-ին հրաժարվել եք անգամ պատգամավոր դառնալ։ Ի՞նչ փոխվեց 3 տարում։

– Ես ծնվել և մեծացել եմ Արտաշատ քաղաքում, և իմ հիմնական հարազատներն ու բարեկամները, դասընկերներն ու ընկերներն ապրում են այս քաղաքում: Առաջադրվելով որպես քաղաքապետի թեկնածու՝ մեկ խնդիր եմ փորձում լուծել` իմ գիտելիքներն ու ռեսուրսները ներդնել՝ ավելի բարեկեցիկ ու հարմարավետ կյանք ապահովելու արտաշատցիների համար: Վստահ եմ` և՛ արտաշատցիները, և՛ դուք կարճ ժամանակահատվածում կհամոզվեք, որ իմ ցանկություններն ազնիվ են, և ես ամբիցիաների խնդիր չեմ լուծում:

– Ձեր ընտանիքն առանձնապես ոգևորված չէ քաղաքականություն մտնելու Ձեր որոշմամբ։ Մասնավորապես՝ Ձեր հորեղբայրը նշում է, որ մեծ ծանրության տակ եք մտնում ու կարող է տրավմա ստանաք։ Ի՞նչ եք կարծում այս մասին, մտավախություն չկա՞ տրավմա ստանալու։

Կարդացեք նաև

– Հասկանում եմ, որ մարդիկ դժվարանում են հավատալ, որ, լինելով Հայաստանի վարչապետի որդին, կարող եմ և իրավունք ունեմ միայնակ որոշումներ կայացնել, բայց, խնդրում եմ, հավատացեք՝ ինքս եմ կայացրել Արտաշատի քաղաքապետ ընտրվելու որոշումս և ինքս էլ պատասխանատու եմ լինելու իմ գործողությունների ու քայլերի համար: Կյանքում գալիս է մի պահ, երբ որքան էլ սիրես և հարգես ընտանիքիդ անդամներին և շրջապատիդ, սեփական որոշում կայացնելու ցանկություն ես հայտնում ու ցանկանում ես տեր կանգնել այդ որոշմանը:

– Հաջողակ բիզնեսմեն եք։ Ձեզ չի՞ կաշկանդելու բիզնեսով չզբաղվելու արգելքը, երբ քաղաքապետ դառնաք։

– Շատերին թվում է, թե հաջողակ բիզնեսմեն լինելու համար միայն կապեր և, ինչպես ընդունված է Հայաստանում շեշտել, «տանիք է պետք»: Վստահեցնում եմ ձեզ` դա այդքան էլ այդպես չէ. իմ բիզնես հաջողությունների ակունքում նաև գիտելիքների ճկունության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի մեծ ծավալ է թաքնված: Հաջողակ բիզնեսմենը պետք է կարողանա ձևավորել նաև հաջողակ թիմ, և ես այդ թիմը ձևավորել եմ, այն պահից, երբ ես կընտրվեմ քաղաքապետ, իմ բիզնես կառավարումը կթողնեմ իմ թիմին և կծառայեմ իմ քաղաքին: 

– Մամուլը Ձեզ հաճախ է կապում քրեական աշխարհի հետ։ Ձեր անունը մասնավորապես շատ շրջանառվեց Օշականցի Գևորիկի ծեծի թեմայով։ Ի վերջո, կապ ունե՞ք քրեական աշխարհի հետ, թե՞ ոչ։

– Ես քրեական աշխարհի և քրեական հեղինակությունների հետ երբևէ կապ չեմ ունեցել և ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ այն պատճառով, որ բակ չեմ իջել և չունեմ ընկերական շրջապատ, այլ այն պատճառով, որ իմ ընտանեկան դաստիարակությունը և հատկապես իմ մայրիկի ազդեցությունն իմ դաստիարակման գործընթացին ինձ այլ արժեհամակարգում են ձևավորել որպես անհատ:

– Հաճախ շեշտում էիք, որ ընտրակաշառք չեք բաժանելու։ Հնարավո՞ր է, որ ի սկզբանե վստահ էիք, որ միակ թեկնածուն եք լինելու ընտրություններում։ 

– Ես ընտրակաշառք չեմ բաժանելու և հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ՝ ես գալիս եմ ծառայելու Արտաշատին և արտաշատցիներին, հետևաբար այս պաշտոնն ինձ համար սեփական ամբիցիաներս բավարարելու տրամպլին չեմ համարում: Ես գալիս եմ ծառայելու և ես դա կանեմ: Հանգամանքների բերումով մրցակից չունեմ, բայց, հավատացեք, ոչինչ չեմ արել, որպեսզի մնամ միայնակ:

– Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում Ձեր հորից ընտրություններում։

– Հասկանալի է, որ ցանկացած հայր կցանկանար աջակցել իր որդուն, նաև ընտրությունների պարագայում, բայց ես խնդրել եմ հորս չմիջամտել իմ ընտրություններին և վստահ եմ, որ նա իմ խնդրանքը կկատարի: Ինքս կկերտեմ իմ քաղաքական կենսագրությունը և պատասխանատու կլինեմ իմ գործողությունների համար:

– Ինչո՞ւ եք գտնում, որ Արտաշատը հենց Ձեզ պես քաղաքապետի կարիքն ունի։

– Արտաշատը աշխատասեր և նվիրական քաղաքապետի կարիք ունի: Կհաջողվի ինձ լինել այդպիսին՝ ցույց կտա ժամանակը, և այդ գնահատականը ես կակնկալեմ իմ համաքաղաքացիներից: Մեկ բան ուզում եմ ընդգծել՝ քաղաքը կառավարելու եմ իմ քաղաքացիների օգնությամբ և խորհուրդներով:

– Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց լուծմամբ առաջինն եք զբաղվելու, երբ քաղաքապետ դառնաք։

– Այս պահին ուսումնասիրում եմ քաղաքում առկա խնդիրները. դրանք շատ են, բայց ոչ անլուծելի: Կարծում եմ՝ ինձ կհաջողվի ժամանակի ընթացքում լուծել այդ բոլոր խնդիրները: Ես երիտասարդ եմ, ունեմ հեռուն գնացող ամբիցիաներ՝ Արտաշատի հետ կապված և, առօրեական խնդիրներից բացի, փորձելու եմ Հայաստանի երբեմնի մայրաքաղաքներից մեկը դարձնել գեղեցիկ ու հարմարավետ բնակավայր:

– Ձե՞ր գաղափարն էր գրանցվել ֆեյսբուքում։

– Վաղուց ունեի գաղափար` գրանցվելու ֆեյսբուք սոցիալական ցանցում, սակայն ինչ-ինչ պատճառներով խուսափում էի, բայց հիմա արդեն ֆեյսբուքում եմ և պետք է ասեմ, որ այն ինձ շատ դուր եկավ: Այն բավականին ազնիվ և շիտակ հարթակ է` շփվելու, արտահայտվելու, և ես այդ հարթակը միշտ կօգտագործեմ: Շնորհակալ եմ BlogNews-ի խմբագրությանը՝ իմ նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Տեսանյութեր

Լրահոս