
Դավիթ Հարությունյանը չի մասնակցել «մութ ժամեր» ակցիային

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հաությունյանը «Մութ ժամեր» ակցիային չի մասնակցել և գտնում է, որ նման ակցիաները որևէ ազդեցություն չեն ունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու գործում:
«Անհրաժեշտ է հասարակության զգոնությունը, որ անարդար պահանջներ չներկայացվեն: Նույն հայտը ներկայացնողը պետք է հասկանա, որ անարդար պահանջները հասարակության կողմից չեն ընդունվի: Բայց դա արժեքավոր գործիք է դառնում, երբ դու գիտակցում ես, որ կա նաև արդարացի պահանջ: Ոչ թե ուղղակի ասում ես՝ որևէ թանկացմանը դեմ եմ, այլ դու գիտես՝ ինչն է արդարացի, ինչն է անարդարացի ու դու պայքարում ես անարդարի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դ.Հարությունյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ի տարբերություն Դ.Հարությունյանի, վստահ է, որ նման ակցիաները ազդեցիկ և անհրաժեշտ են: Նա նշեց, որ իր ընտանիքը մասնակցել է «մութ ժամեր» ակցիային, թեև ընտանիքում փոքրիկ ունեն: