«Ես չգիտեմ՝ ինչով է զբաղված Ադրբեջանի ԱԳ նախարարը»
«Ես չգիտեմ՝ ինչով է զբաղված Ադրբեջանի ԱԳ նախարարը: Իրենց որոշելիքն է ԵՏՄ-ին անդամակցելը: Ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել Ադրբեջանի ապագա նախաձեռնությունների հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ մեկնաբանելով ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է անդամակցել ԵՏՄ-ին ԼՂ խնդրի կարգավորումից հետո:
Ըստ Կ.Նազարյանի՝ բնական է, որ ՌԴ-ն հայտարարում է, որ նախաձեռնող է լինելու ԼՂ հարցում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ անդամ է, ինչպես Ֆրանսիան և ԱՄՆ-ը:
Կ.Նազարյանի խոսքով՝ Ռիգայի հռչակագրում ձևակերպված են բոլոր ակնկալիքները կամ ՀՀ կողմից ձեռնարկվելիք քայլերը. «Այն հիմնական ուղղությունները, որ ներառված են հռչակագրում, հաջորդական և հետևողական ձևով կիրականցվեն: ԵԽ հաջորդ նիստերի օրակարգը դեռ չկա, հնարավոր է՝ հունիսին լինի և անմիջապես հետո կմեկնարկեն բանակցությոնները: ԵՄ հետ առևտրատնտեսական բաղադրիչը հաջողությամբ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԵՄ համապատասխան կառույցի միջև, նախնական պատկերացումներ կան, որոնք արդեն զետեղված են համապատասխան փաստաթղթում, բանակցությունների ընթացքում դրանք կստանան ավելի հստակ ձևակերպումներ»:
Կ.Նազարյանը նշեց, որ ՌԴ հետ խորհրդակցում են եվրոպական կառույցներում ՀՀ-ի ներգրավվածության շուրջ: Նա վստահեցրեց, որ իրենց կողմից բացասական տրամադրվածություն չկա: Դիտարկմանը, որ սեպտեմբերի 3-ից առաջ էլ հայտարարվում էր, որ թափանցիկ է գործընթացը, այս դեպքում ռիսկեր կա՞ն, փոխնախարարը նշեց, թե խոսքը գնում էր ՀՀ որոշման մասին՝ միանալ ՄՄ-ին. «Այդ որոշումը թելադրված էր նաև մեր առաջնություններով, ոչ թե երրորդ կողմի թելադրանքով»: