Ո՞ր բանակից է ԱԳ փոխնախարարը

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ռիգայի գագաթնաժողովից հետո ԵՄ կողմնակիցների բանակը բաժանվել է երկու խմբի և մի մասը գտնում է, որ մանդատը ստանալուց հետո մինչև տարվա վրեջ համաձայնագիրը կստորագրվի, մյուսը՝ ՌԴ-ն կխոչընդոտի այդ փաստաթղթի ստորագրմանը, հետաքրքրվեց, թե ԱԳ փոխնախարարը ո՞ր բանակից է:

«Ես պատկանում են լավատեսների շարքին, բավականին աշխատանք է արվել և՛ նախորդ շրջանում, և՛ նոյեմբերից հետո: Մտքերի փոխանակման գործընթացն ընթացել է նախկին բանակցային գործընթացի շուրջ: Դրական արձագանք կա, պատկերացում ունենք կառուցվածքի վերաբերյալ, դա շատ չի տարբերվում նախկինում բանակցված փաստաթղթից: Բայց առաջ չընկենենք, կանխատեսումն անշնորհակալ գործ է: Հուսանք, որ արագ տեմպերով կկարողանանք անցնել առաջ»,- հայտարարեց փոխնախարար Կարեն Նազարյանը:

Նա հայտարարեց, որ ԵՄ հետ հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ: Ըստ փոխնախարարի՝ ՌԴ հետ խորհրդակցություններ եղել են, ՀՀ-ԵՄ հարաբերություններում գաղտնիք գոյություն չունի:

Հարցին, թե ԵՄ կողմից ԼՂ հետ կապված ի՞նչ կարելի է ակնկալել՝ Կ.Նազարյանը պատասխանեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ մինսկի խմբի ջանքերին և տեսնում է ԼՂ կարգավորումը նախկինում արված հայտարարությունների հիման վրա: Նա հույս հայտնեց, որ այս ձևակերպումը տեղ կգտնի առաջիկա փաստաթղթերում ևս:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս