ԼՂՀ Գերագույն դատարանում սկսվել է ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական նիստը

Այսօր՝ Ստեփանակերտում, ԼՂՀ Գերագույն դատարանում, սկսվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիևի վճռաբեկության կարգով դատական նիստը, որը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Հայրապետյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ:

Զեկուցող դատավոր Արսեն Հայրապետյանի կողմից նախ ընթերցվել են այն հոդվածներն, ըստ որոնց, մեղադրվում են Դ. Ասկերովն ու Շ. Գուլիեևը, այնուհետև ամբաստանյալների փաստաբաններ՝ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը ներկայացրել են բողոքարկման հետ կապված այն հիմնավորումները, ըստ որի, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կայացրած որոշումները չեն բավարարում իրենց պաշտպանյալներին։

Մասնավորապես՝ Ասքերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը իր պաշտպանյալ Ասկերովի մասով ենթակա է մասնակի բեկանման, իսկ մեղավորությունն ամբողջությամբ ապացուցվելու դեպքում դատապաշտպանը խնդրել է մեղմացնել պատիժը: Շ. Գուլիևի դատապաշտպան Ա. Իսրայելյանը պնդեց, որ իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջությամբ բեկանվի և կայացվի արդարացման վճիռ։

Նիստի ընթացքում, Դ. Ասկերովը եւ Շ. Գուլիեւը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ նախորդ դատական ատյանների կայացրած որոշման հետ, քանի որ նրանց պնդմամբ ղարաբաղա- դրբեջանական սահմանը հատելիս իրենք չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Երկու դատապարտյալներն էլ նշել են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ոչ մի կապ չեն ունեցել: Դ. Ասքերովը ժխտել է նաև իր մեղավորությունը սպանված պատանու՝ Սմբատ Ցականյանի գրպանից գումար հափշտակելու մասով:

Իր հերթին պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը հարցեր ուղղելով ամբաստանյալներին և ներկայացնելով դատավարությանը վերաբերող փաստարկներ, խնդրել է Գերագույն դատարանին չբեկանել Վերաքննիչ դատարանի վճիռը: Դատարանի կողմից ամբաստանյալներին ուղղված հարցերը վերաբերում էին այն հանգամանքներին, որ դիվերսանտները , ովքեր պնդում են որ ոսկու համար են հատել ԼՂՀ պետական սահմանը, համապատասխան սարքավորումների փոխարեն միայն զենքեր են վերցրել իրենց հետ:

Այդ առումով ադրբեջանցի դիվերսանտների պատասխանները կոնկրետ պատասխաններ չտվեցին: Դատարանը լսելով կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, որը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: «Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի ԼՂՀ Գերագույն դատարանի դատավճիռը։

 

Տեսանյութեր

Լրահոս