
Կառավարության որոշումը միտված է ծնելիության աճին

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին:
Կառավարությունն այսօր հաստատել է նաև.
-շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը, որի կիրառմամբ հնարավոր կլինի ազդեցության գնահատման փուլում ընտրել առավել արդյունավետ տարբերակը և հաշվարկել հատուցումը,
-«ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» օրենքով ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին 2015թ. ձեռք բերվող մարզագույքի բաշխման ցանկը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին», որոնց ընդունմամբ կկարգավորվեն հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները: