«42 % թանկացումն ի՞նչ խաբար է». ՀՀԿ-ական պատգամավորը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը
168.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
– Պարոն Հարությունյան, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ասում են՝ արդարացված չէ էլեկտրաէներգիայի նախատեսվող թանկացումը, և, որ այն շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ բնակչության կենսամակարդակի վրա: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդարացված էլեկտրաէներգիայի սակագնի առաջարկվող բարձրացումը:
– Բայց ինչո՞ւ միայն ընդդիմադիրները, մենք էլ ենք նույն բանն ասում: Ես ասել եմ, որ դեմ եմ թանկացմանը, այդ ո՞վ է ուզում, որ էլեկտրաէներգիան թանկանա, մենք սովորական ժողովուրդ չե՞նք, ես էլ եմ սովորական ժողովուրդ, ես էլ եմ դժգոհելու, բայց նաև դրան ձև կա: Այդ էլեկտրացանցերը սեփական մասնավոր ընկերություններ են, և մասնավոր ընկերության ոչ լուրջ աշխատանքների հետևանքով ինչո՞ւ պետք է ես տուժեմ: Իմ խորին համոզմամբ՝ այդ վնասները, այդ կորուստները վատ կառավարման հետևանք են: Եթե որևէ մեկը ծանոթ է էլեկտրական ցանցերի աշխատանքներին, շատ լավ տեղյակ է, թե այդ կորուստներն ուր են գնում և ինչպես են այդ կորուստներն առաջանում: Սովորաբար վատ մենեջեմենթի հետևանքով են ընկերությունները սնանկանում, և այդպիսի ընկերություններին սնանկացումից փրկելու համար պետք չէ բեռը ժողովուրդը կրի:
Հիմա ասում են՝ ուսումնասիրեք. ի՞նչն ուսումնասիրեն, ուսումնասիրված-պրծած է, վատ կառավարման հետևանքով է նման իրավիճակ ստեղծվել: Ասում են՝ կորուստները շատ են: Եղբայր, այդ ինչո՞ւ ընտանիքում կարելի է կորուստներն իջեցնել, ավելորդ լույսերը հանգցնել, շատ վառարան չմիացնել, անգամ սովորական տանտիկինը կարողանում է այդ կառավարման միջոցով հոսանքի ծախսն իջեցնել, իրենք չէի՞ն կարողանում այս տարիների ընթացքում այդ կորուստների ճանապարհները փակել, չթողնել, որ այդ էլեկտրաէներգիան գողանան, չթողնեն, որ էլեկտրիկներն ինչ թիվ ուզեն՝ գրեն:
– Դուք ի՞նչ եք առաջարկում այս իրավիճակում:
– Ես առաջարկում եմ՝ ոչ թե հենց այնպես, մակերեսային հետազոտություններ կատարվի, այլ Ազգային ժողովում ստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ հարցը և վերջնական պատասխան կտա: Մյուս տարի կարող են ասել՝ կորուսներն ավելի են շատացել, եկեք 10 դրամով էլ թանկացնենք… Այսպես թանկացնելով՝ ո՞ւր ենք գնալու: Արդեն որերորդ անգամ է՝ թանկացնում են: Նույն ընկերությունը 3-րդ անգամ էլեկտրաէներգիայի գինը թանկացնում է: Դրա համար շատ լուրջ հանձնաժողով պետք է ստեղծվի, և 80 կամ 120 օրվա ժամկետում ուսումնասիրվի՝ գուցե նրանք ճի՞շտ են: Բայց ես՝ որպես մարդ ու պատգամավոր, համոզված եմ, որ այդ թանկացումն անհիմն է: Այդպիսի բան աշխարհում չի եղել, որ մի բանը 42 %-ով թանկանա, անգամ ամենադեֆիցիտ ապրանքներն այդքան չեն թանկանում: Համարյա 42%-ով թանկացումն ի՞նչ խաբար է: Այնպես որ, այդ հարցը համաժողովրդական հարց է, ոչ թե՝ ընդդիմության կամ իշխանության:
– Ասում եք՝ այդ հարցը համաժողովրդական հարց է, իշխանությունները որևէ քայլ կնախաձեռնե՞ն, որ չթանկանա էլեկտրաէներգիան:
– Կարծում եմ՝ իշխանություններն ամեն ինչ կանեն մեղմացնելու համար: Չեմ կարող ասել, թե ընդհանրապես չեն թանկացնի, բայց, համենայնդեպս, այդ ներկայացված հայտն անտրամաբանական հայտ է: Թանկացումը ցավոտ խնդիր է, 1 դրամով էլ, կես դրամով էլ թանկանա՝ ցավոտ հարց է, անմիջապես ազդելու է և՛ տնտեսության, և՛ ապրանքների գների վրա:
– «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն է ստեղծվել ու պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
– Բա ի՞նչ են անելու, պայքարելու են, բա մարդիկ ի՞նչ անեն, ինչպե՞ս մուծեն այդ փողը:
– Դուք խրախուսո՞ւմ եք նման շարժման ստեղծումը:
– Չէ՛, շարժումով բան չի լինի: Ինչպես նշեցի՝ մասնագիտական հանձնաժողով կազմենք, այդ մասնագիտական հանձնաժողովն օբյեկտիվ գնահատական կտա, ոչ թե սուբյեկտիվ:
– Բայց շարժման մասնակիցները վստահ են, որ միայն հանրային ճնշմամբ կարելի է ազդել իրավիճակի վրա:
– Դա արդեն իրենց խնդիրն է, բայց ես կարծում եմ, որ, դրա հետ մեկտեղ՝ մենք պետք է հանրությանն ասենք, որ, եթե մի դրամ թանկացնենք, ընկե՛ր հանրություն, ապա գոնե կբարելավվի ինչ-որ բան, իսկ հիմա հենց այնպես բերել են, միանգամից ասում են՝ թանկացնենք, այն դեպքում, երբ մի տարի առաջ այդ մասին խոսք չկար: Հիմա ժողովրդին կցկտուր բացատրում ենք, ժողովուրդն էլ լավ չի ըմբռնում: