Վարդան Օսկանյան. «Հայաստանը չեմ լքել ու նման մտադրություն չունեմ»

ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյբուքյան իր էջում հերքել է Հայաստանից հեռանալու մասին լուրերը:

«Վերջին ժամանակներս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում՝ անանուն աղբյուրներին հղում անելով, անգամ զանգեր եմ ստացել, թե փետրվարյան իրադարձություններից հետո իբր լքել եմ Հայաստանը: Մի փոքր վերափոխելով հայտնի գրողի խոսքերը՝ նշեմ, որ իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Նման բան չկա և նման մտադրություն չունեմ: Մտադրությունս մնում է նույնը՝ Հայաստանում պետք է ձևավորվի հանրային մանդատ ունեցող և արդյունավետ գործող իշխանություն, վերանա քաղաքական մենաշնորհը, ստեղծվի քաղաքական հակակշիռների իրական մեխանիզմ և իրականացվեն բարեփոխումներ։ Ես շարունակում եմ համոզված լինել, որ միայն քաղաքական առողջ ինստիտուտների միջոցով հնարավոր կլինի լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական և այլն: Ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա պետք է ասեմ, որ հիմա վերագնահատումների ու մտորումների շրջան է ինձ համար։ Պետք է հետևություններ անել տեղի ունեցածից ու որոշել, թե ինչ պետք է արվի»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թողնելուց հետո Վարդան Օսկանյանը հեռացավ ԲՀԿ շարքերից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս