Բաժիններ՝

Արշակ Սադոյանը բացատրում է՝ ինչպես կարելի է հասնել Ռոբերտ Նազարյանի հրաժարականին

Այսօր «Հանրային խորհրդի» (ՀԽ) Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նպատակահարմարության հարցը, Արշակ Սադոյանն առաջարկեց պատասխանատվության ենթարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և պահանջել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց Ա. Սադոյանից՝ ինչպե՞ս կարող է նա հասնել նրան, որ Ռոբերտ Նազարյանը հրաժարական տա: Ի պատասխան՝ Ա. Սադոյանն ասաց. «Ուրեմն՝ կարող եմ հասնել հետևյալ կերպ, ես Ձեզ՝ որպես լրագրողի՝ չորրորդ իշխանության ներկայացուցչի, խորհուրդ եմ տալիս՝ փորձեք նայել Նազարյանի կենսագրությունը, նայել՝ ինչ է արել նա այս ամբողջ ընթացքում, մի հատ սիրունիկ հոդված գրեք նրա մասին, թե այդ մարդն ինչպես է աշխատել, չեմ ասում՝ ապացուցեք, որ թալանչիություն է արել, կամ կաշառք է վերցրել, բայց գոնե նշեք՝ ով՝ ով է, ես կարծում եմ՝ մեր հանձնաժողովը դեմ չի լինի պահանջել Ռոբերտ Նազարյանի հրաժարականը»:

«Հանրային խորհրդի» որոշ անդամներ ասացին, որ իրենք այդքան ուժ չունեն, որ կարողանան հասնել Ռոբերտ Նազարյանի հրաժարականին, իսկ Ա. Սադոյանը պնդեց, որ թեկուզ ուժ չունեն, բայց ունեն հասարակական հնչեղություն:

«Իմ շրջապատի մարդկանց մեծ մասը թունդ բողոքավոր են: Երբ ասում եմ՝ «արա, մի բան արեք», ասում են՝ «արա, մենք ի՞նչ կարանք անենք»: Հիմա նույնն է այստեղ՝ «Հանրային խորհրդի» հանձնաժողովը նստած քննարկում է, ու դուք ասում եք՝ ի՞նչ իմաստ ունի այս ամենը: Այնքան էլ հեշտ չէ հասնել Ռոբերտ Նազարյանի հրաժարականին, բայց, երբ Ռոբերտ Նազարյանը վախենա պաշտոնը կորցնելուց՝ գոնե շատ ավելի զգույշ կլինի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս