ՀԽ-ն Տիգրան Ուրիխանյանի կուսակցության հետ չի համագործակցի մարտի 1-ի դեպքերի համար
«Մեր նկատմամբ հալածանքը նոր երևույթ չէ, խնդիր էր դրված, որ մենք հայտնվեինք հիվանդանոցներում ամիսներ շարունակ, և այդպես կասեցնեին շարժումը, բայց, բարեբախտաբար, նրանց դա չհաջողվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը:
Նրա խոսքով՝ իշխանություններին հաջողվեց խափանել իրենց կողմից հայտարարված մոբիլիզացիան, քանի որ դրա վրա ազդեցություն ունեցավ իրենց բացակայությունը՝ դրանով իսկ շատերին վախեցնելով. «Նրանց խափանման հիմնական միջոցը ժողովրդին վախեցնելն էր»:
ՀԽ անդամները հույս ունեն, որ իրենց կհաջողվի տարբեր հարցերի շուրջ կոնսոլիդացիան իրականացնել. «Մենք ունենք մեր ուղին, մեր ռազմավարությունը չի փոխվել: Քաղաքական այն բոլոր ուժերի հետ, որոնք 2008 թվի մարտի 1-ին մասնակից չեն եղել այդ հանցագործությանը, պատկերացնում ենք մեր համագործակցումը»:
Հարցին՝ կհամագործակցե՞ք նորաստեղծ քաղաքական ուժերի հետ՝ օրինակ, Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ուրիխանյանի կուսակցությունների՝ Ժիրայր Սէֆիլյանն այսպես պատասխանեց. «Ինչպես արդեն նշեցի, մենք չենք համագործակցի այն ուժերի հետ, որոնք մեղսակից են Մարտի 1-ին: Դրանից դուրս գտնվող բոլոր ուժերի հետ համագործակցություն պատկերացնում ենք: Նիկոլ Փաշինյանի հետ, անշուշտ, պատկերացնում ենք, բայց Տիգրան Ուրիխանյանի հետ, կարծում ենք, որ նա եղել է այդ ճամբարում Մարտի 1-ի օրերին, այս դեպքում չի ստացվի»: