Հերմինե Նաղդալյանը՝ Հանրապետականների որդիների քաղաքապետ դառնալու մասին

«Մարդը, որ առաջադրվել էր և ուժերի հաշվարկ էր անում, նաև վերաբերմունքի հաշվարկ է անում՝ ունի՞ էդքան հավանություն ազգաբնակչության մեջ: Եվ հայ մարդը պրագմատիկ մարդ է, դու էլ լինես, կնստես ու կմտածես՝ որի՞ն է առավել ճիշտ աջակցություն ցուցաբերել, ոչ թե ինչ-որ շահադիտական իմաստով, այլ պարզապես քո քաղաքացի, քո բնակավայրի ավելի լավ զարգացում ապահովելու իմաստով: Ես չեմ կարող ասել, պատասխանել էն մարդկանց փոխարեն, ովքեր հանել են իրենց թեկնածությունը, կամ չեն դրել իրենց թեկնածությունը, բայց ես համարում եմ, որ քաղաքականությունը պրագմատիկ տեղ է, պրագմատիկ ոլորտ է և մարդիկ հստակ, սթափ հաշվարկներ են անում և այդ հաշվարկների հիման վրա են իրենց քայլերն անում: Եվ երբ տեսնում են, որ ինքը չունի այդ հավանության բազան, չի առաջադրվում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրուցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով հունիսի 7-ին Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուների՝ Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) և Գարեգին Համբարձումյանի ինքնաբացարկը: Դրանից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածուն է մնացել:

Հ.Նաղդալյանը լիովին օրինաչափ համարեց, որ կարծես ավանդույթ է ձևավորվում՝ Անդրանիկ Մարգարյանի որդին քաղաքապետ է, գեներալ Մանվելի որդին քաղաքապետ է. «Ես լավ հիշում եմ, երբ Անդրանիկ Մարգարյանի որդին առաջին անգամ ընտրվում էր որպես թաղապետ, շատերը հարց էին տալիս` ինչո՞ւ է Հանրապետականն աջակցում: Հանրապետականն աջակցում էր, որովհետև տեսնում էր, որ այդ երիտասարդի մեջ կան լավ ուժեր, ներուժ կա, աշխատասիրություն, զարգացվածություն և այլն, և ոչ մի բանով հիասթափություն չի առաջացել: Եվ ոչ միայն Հանրապետականը չի հիասթափվել, այլ նաև այն բնակիչները, որոնք թեև սկզբից թերհավատ էին, մտածում էին շատ երիտասարդ է, ինչո՞ւ ենք այս երիտասարդին հավանություն տալիս, բայց նաև մտածեցին, հույս դրեցին և հավատացին, որ այդ երտասարդը շատ լավ կաշխատի և հրաշալի աշխատեց և՛ որպես թաղապետ, և՛ այսօր՝ որպես քաղաքապետ: Հրաշալի օրինակ ունենք: Օրինակ՝ եթե Արտաշատը նույնպես պետք է զարգանա, և այլ քաղաքաները նույնպես պետք է զարգանան, այդ դեպքում ինչո՞ւ մենք վարչապետի որդիներին, քաղաքապետի որդիներին, այլ մարդկանց որդիներին ասենք՝ չէ, չէ, իրավունք չունեք: Այդ մարդիկ նույն ձևի քաղաքացի են, ոնց որ մյուսները»:

Տեսանյութեր

Լրահոս