«Աստիճանաբար շատ կուսակցություններ սկսեցին բովանդակային հարցադրումներ կատարել»

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ սահմանադրական զարգացումներին չի կարելի մեխանիկորեն վերաբերվել:

«Սահմանադրական զարգացումներն անընդհատ գործընթաց պետք է լինեն, և այդ զարգացումների հնարավորությունները պետք է նախատեսված լինեն Սահմանադրությամբ և դրանք լինեն իրացվելիք: Մենք հայեցակարգում էլ գրեցինք, որ մեզ մոտ ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ էվոլյուցիոն, դինամիկ սահմանադրական զարգացումների հնարավորությունները խիստ սահմանափակված են: Մենք չունենք օրգանական օրենքներ, որոնց միջոցով կարող ենք այդ զարգացումը երաշխավորել, մենք չունենք իշխանությունների սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման ինստիտուտ, որ կարող ենք դա իրականացնել, մեկնաբանության ինստիտուտ, և այլն, և այլն: Եվ այս պարագայում մենք պարտադրված, ինքներս մենք պարտադրել ենք սահմանադրական զարգացումներն իրականացնել միայն վիրահատական միջամտության ճանապարհով՝ փոփոխությունների ճանապարհով:

Եվ եթե այդ ճանապարհն էլ մենք արհեստականորեն փակենք, ապա Սահմանադրությունն ինքը զարգացման խթանից՝ կդառնա արգելակման միջոց»,- ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ սահմանադրական զարգացումները պետք է պայմանավորված լինեն դրա անհրաժեշտությամբ, ոչ թե իշխանությունների ցանկությամբ:

«Իսկ թե անհրաժեշտությունը որքանով էր, հայեցակարգում այդ հիմնավորումները տրված են, կառաջարկեի, որ դրան ծանոթանաք»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ժամկետներին՝ Գագիկ Հարությունյանն ասաց. «Համենայնդեպս, աշնանը մենք կկարողանանք մեզ հետ կապված աշխատանքներն ավարտելով՝ ներկայացնել: Թե դրանից հետո Հանրապետության նախագահը լրացուցիչ քաղաքական քննարկումներ կկազամակերպի՞, թե՞ոչ, հավանություն կտա՞, թե՞ ոչ, կվերադարձնի՞ լրացուցիչ հարցերը մշակման, թե՞ ոչ… այդ բոլորը հնարավոր են, ու դրանով պայմանավորված՝ կլինի հետագան»:

Հարցին, թե ինչպե՞ս է քաղաքական կոնսոլիդացիայի բացակայության պայմաններում իշխանությունն առաջ տանելու սահմանադրական բարեփոխումների անցկացումը, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ լրագրողը եզրահանգում է անում, որին ինքը համաձայն չէ: «Ես չեմ կիսում ձեր եզրակացությունը, որ ընդհանրապես այսօր չկա որոշակի քաղաքական գործընթաց նաև այս ուղղությամբ:

Ես կարող եմ ասել հետևյալը՝ այո, քաղաքական որոշակի կոնսոլիդացիայի բացակայության պարագայում դա անիմաստ կլինի: Դա՝ միանշանակ: Արդյոք հնարավո՞ր է այդ կոնսոլիդացիան: Արդյոք հնարավո՞ր են այստեղ գործընթացներ, որոնք բերեն որոշակի կոնսոլիդացիայի: Ես կարող եմ ներկայացնել իմ դիտարկումներն այս գործընթացի մեջ: Եթե ի սկզբանե մերժողական էր մոտեցումը բացարձակ, հետո աստիճանաբար շատ կուսակցություններ սկսեցին բովանդակային հարցադրումներ կատարել:

Հիշո՞ւմ եք սկզբնական թեզը՝ մենք բովանդակությանը չենք անդրադառնում, մենք գտնում ենք, որ անհրաժեշտ չէ, և այլն: Հետո տեղի ունեցավ ընդհանուր մոտեցման որոշակի փոփոխություն, սկսեցին տարբեր դիրքորոշումներ արտահայտել բովանդակային առումով շատ կուսակցություններ, հետո առանձին կուսակցություններ և բավականին թվով, ինչպես նշեցի, տասնյակից ավելի, հանձնաժողովի առջև դրեցին արդեն նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնվեն այդ փոփոխությունների ընթացքում»,- ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ, եթե գործընթացը հանգեցնի նրան, որ քաղաքական կոնսոլիդացիան ունենա նկատելի որակ, դա ողջունելի կլինի, և այդ պարագայում հնարավոր կլինի բովանդակային քննարկումներն ավելի բովանդակային դարձնել:

Տեսանյութեր

Լրահոս