
Ջրծաղիկից մահացած զինվորի գործով որոշումը բեկանվել է, ուղարկվել նոր քննության

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ բեկանվել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: 168.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Նշենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 5-ի որոշմամբ՝ քրեական գործի վարույթը կարճվել էր «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ, գործով երկու ամբաստանյալների՝ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Դատարանի այս որոշումը բողոքարկել էր տուժող կողմը:
Վարդուհի Էլբակյանն ասաց, որ որոշումը ստանալուց հետո կարծիք կհայտնի դրա վերաբերյալ: Նշենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին: