«Իրինա Ալեգրովայի համերգը կկայանա միայն Մարզահամերգային համալիրում». Զառա Մխեյան

Forpostart production ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանը վստահեցնում է, որ մայիսի 23-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Իրինա Ալեգրովայի համերգը, որը դեռ մարտի 6-ին էր նախատեսված:

– Չե՞ք փոշմանել, որ ձեռնարկել եք Իրինա Ալեգրովայի համերգն առհասարակ, եթե ոչ՝ պրոդյուսեր, ապա գոնե՝ որպես կին:

– Իհա՛րկե ոչ: Չեմ փոշմանել, քանի որ Իրինա Ալեքսանդրովնան շատ է սիրում Հայաստանը, հայ ազգին: Ես կարող էի ընդհանրապես ոչ թե տեղափոխել համերգը, այլ ընդհանրապես հանել այն: Բայց ես հարգում եմ արտիստին, և իմ ժողովրդի մեծամասնությունը ցանկություն ունի այցելելու այդ համերգին: Ես, քսան տարի է, ինչ այս բնագավառում եմ, բայց այսքան նեգատիվ ու վիրավորական խոսքեր, որ հնչեցին Ալեգրովայի համերգի տեղափոխման կապակցությամբ, դեռ երբեք չեմ լսել: Երևի մեր ժողովուրդը շատ է չարացել:

Մեր կազմակերպությունը երբեք չի հանել կամ հետաձգել որևէ համերգ: Այս դեպքը ֆորս-մաժոր էր՝ արտիստի առողջության հետ կապված խնդիր էր առաջացել: Արդեն բազում անգամներ ենք խոսել այդ մասին:

Կարդացեք նաև

– Դուք նշում եք, որ Ձեր կազմակերպած բոլոր համերգներն ապահովագրված են: Ի՞նչ է դա նշանակում: Եվ ի՞նչ կտա այդ ինֆորմացիան հանդիսականներին, որոնք իրենց տոմսերի գումարն են ետ պահանջում:

– Երբ համերգը չի կայանում կամ ֆորս-մաժորային իրավիճակներ են լինում, դրանից հետո արդեն ապահովագրական ընկերությունները էքսպերտիզա են կատարում և ըստ այդմ՝ վճարում են տույժը: Եթե հանկարծ ընկերությունն ի վիճակի չի լինում վճարել, ապահովագրական ընկերությունները վճարում են մեզ, և մենք կարողանում ենք վճարել հանդիսատեսին՝ վերադարձված տոմսերի դիմաց:

– Որքա՞ն ժամանակ է, ինչ դիմում եք ապահովագրական ընկերություններին, և ի՞նչն է հանդիսացել դրա պատճառը:

– Երբ 2007 թվականին Համալիրում կազմակերպել էինք Սոնայի ու «Ջիպսի Քինգ» խմբի համերգը, դեպք պատահեց «Արմավիայի» ինքնաթիռի հետ, և այդ համերգը հանվեց: Այդ օրից իմ կազմակերպած բոլոր համերգներն ապահովագրված են:

– Նշում եք, որ ոչ մի համերգ չի հանվել: Բայց ժամանակին ևս մի համերգ է հանվել Ալեգրովայի մասնակցությամբ՝ Վրաստանում:

Alegrova (3)

– Վրաստանի համերգն ուրիշ դեպք է, Հայաստանի հետ մի խառնեք: Վրաստանի համերգի հանելու որոշումը կայացրել է երգչուհու մենեջմենթը: Մենք երբեք համերգ հանելու որոշում չենք կայացնում: Մենք կողմ ենք համերգի կայացմանը: Այս համերգը հետաձգվեց՝ զուտ արտիստի առողջական խնդիրներից ելնելով: Իրինա Ալեքսանդրովնան եղել է Երևանում երկու օր, հենց «Իմպերիալում»: Նա մինչև վերջին րոպեն ուզում էր բեմ բարձրանալ: Ժողովուրդը գրում է, թե չէ՞ր կարելի արդյոք նախօրոք հայտարարել, որ համերգը չի կայանալու: Ինչպե՞ս կարելի էր նման բան հայտարարել, երբ մենք ժամը 5-ին փորձ էինք անում: Իսկ ժամը 6-ին մոտ նրա ջերմությունը բարձրացել էր: Ես ինչպե՞ս կարող էի նախօրոք որևէ բան հայտարարել, երբ մենք հրավիրել էինք բժիշկների, քանի որ երգչուհին մինչև վերջին րոպեն ցանկացել է բեմ բարձրանալ:

– Ե՞րբ է նկարահանվել Ի. Ալեգրովայի մասնակցությամբ տեսագրությունը, որտեղ նա դիմում է հայ հանդիսատեսին՝ բացատրելով, թե ինչո՞ւ չկայացավ համերգը, և հորդորում է պահպանել տոմսերը, քանի որ մայիսի 23-ին համերգն անպայման կայանալու է:

– Ալեգրովան նույն րոպեին այստեղ գրել է տեքստ, որը նրա PR մենեջերը կարդացել է: Բայց տեսագրությունն արվել է մի քանի օր հետո, չեմ հիշում, թե որ քաղաքում՝ համերգներից մեկի ընթացքում և հատուկ՝ Հայաստանի համար:

– Գիտե՞ք՝ ինչն է զարմանալի այս ամբողջ իրավիճակում: Համերգը չկայացավ երգչուհու առողջական խնդիրների պատճառով, բայց արդարանում եք միայն Դուք: Պաշտպանում եք նրան՝ ինչպես կարող եք:

– Ես այդպես չէի մեկնաբանի: Ալեգրովայի PR մենեջերը խոսել է այդ մասին հենց նույն օրը՝ տեսագրություն գոյություն ունի:

– Համերգի հետաձգման օրից Դուք բազում հարցազրույցներ եք տալիս, որտեղ բացատրում եք, թե ինչո՞ւ չկայացավ համերգը, պատասխանում եք լրագրողների գրեթե նույն հարցերին՝ տոմսերի վերադարձման կարգի հետ առնչվող: Շատերը փորձոմ են երգչուհու համերգի հետաձգման իրական պատճառները հասկանալ, փորփրել… Տպավորություն է, որ երգչուհու կողմից Ձեզ չեն աջակցում այս հարցում:

– Ես միշտ պաշտպանելու եմ արտիստին: Բացասական և գռեհիկ լեքսիկոնով գրված մեկնաբանություններն ամեն հարցազրույցից կամ գրառումիցս հետո անգամ չեմ հուսահատեցնում, քանի որ տեսակով հանձնվող չեմ: Չեմ կարծում, թե համակարգչի մոտ նստած անանուն հայհոյողներն իմ ազգի մշակութային ներկայացուցիչներն են: Նրանք չեն իմ ազգի մեծամասնությունը: Ես նրանց ուղղակի անտեսում եմ:

Zara Mxeyan4

 – Միշտ հրավիրում եք բարձր մակարդակի արտիստների: Նաև նշում, որ միշտ չէ, որ ֆինանսական առումով այդ համերգներն արդարացնում են իրենց: Որ, եթե անգամ համերգը չի արդարացնում ֆինանսապես, ապա, հարգելով արտիստին և Ձեր ընկերության բարձր վարկանիշը, միևնույն է, ամեն ինչ անում եք համերգի կայացման համար:

– Կա շատ կարևոր մի պատճառ ևս: Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդն ուրախանա: Տեսնի բարձր մակարդակի համերգ, արտիստ: Ես սիրում եմ ռուսական մշակույթը, ռուսական հոգին: Ես ուզում եմ, որ Հայաստան- Ռուսաստան հարաբերությունները միշտ լավ լինեն: Ես ուզում եմ, որ մեր երկրում չպակասի ռուսական մշակույթն ու էստրադան:

– Այդ ամենով հանդերձ՝ որքա՞ն երկար կկարողանա գոյատևել Ձեր ընկերությունը, եթե, ինչպես նշում եք, Ձեզ համար ֆինանսական ասպեկտից ոչ կարևոր են նաև՝ հանուն ընկերության պրեստիժի իրականացրած համերգները:

– Արդեն 20 տարի է՝ գոյատևում է, բայց եթե անկեղծ՝ հոգնել եմ: Հնարավոր է, որ իմ ընկերության գործունեությունը Հայաստանում դադարեցնեմ: Ես չափազանց շատ էներգիա եմ տրամադրում հայաստանյան համերգներին:

– Գռեհիկ մեկնաբանություններ գրողներին մի կողմ թողնելով՝ Դուք իրո՞ք չէիք ակնկալում, որ համերգի վերջին վայրկյանին հետաձգումը բացասական արձագանքների տեղիք է տալու:

– Իհա՛րկե չէի սպասում: Մենք պատասխանել ենք բոլոր հարցերին՝ առաջին իսկ օրից: Բայց ես չէի սպասում, որ այս հարցաքննումն ամիսներ է տևելու: Արդեն ծիծաղելի է, բոլորը նույն հարցերն են տալիս:

Հա, ի դեպ, խնդրում եմ շեշտեք, որ ես շատ լուրջ զգուշացնում եմ «Vitamin» ակումբին, որ եթե մեկ անգամ ևս մեր համերգների հետ կապված նմանատիպ ոչ ինֆորմացված հիմար կատակներ անեն, ինչպես որ արել են Ալեգրովայի համերգի հետ կապված, ես նրանց ռուսական օրենքների հիման վրա դատի կտամ: Ռուսական, քանի որ մեր կազմակերպությունը Ռուսաստանում է գրանցված, և ես ունեմ այդ իրավունքը: Եթե ուզում են կատակել, թող կատակեն, բայց ճիշտ ինֆորմացիա թող տարածեն, այլ ոչ թե՝ իրենց ուզածը:

– Ի՞նչ կատակի մասին է խոսքը:

– Իբրև թե չենք վճարել արտիստին, դրա համար էլ համերգը չի կայացել: Իրենց պատճառով կա ոչ միայն՝ բարոյական վնաս, այլև՝ բաց թողնված շահույթ: Իրենց հիմար կատակների պատճառով մեր բիզնեսը կարող է տուժել: Ես իրենց խորհուրդ կտայի, որ գային Գալկինի համերգին, և դա իրենց համար մաստեր կլաս կլիներ: Գոնե կհասկանային, թե ինչպես է պետք կատակել: Եթե որևէ մեկը մեր կազմակերպության հանդեպ սխալ կատակներ անի, դատի կտամ յուրաքանչյուրին:

Zara Mxeyan

– Ճի՞շտ է, որ ապրիլի 24-ին Ալեգրովան համերգ է ունեցել:

– Այո, համերգ եղել է, որը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Եվ անձամբ Իրինա Ալեքսանդրովնան իր խոսքով դիմել է հանդիսատեսին, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Բացի այդ, Ալեգրովայի մենեջերները հայ չեն, և երգչուհու տոմսերը վաճառվում են մեկ տարի առաջ: Եվ ինչո՞ւ են կպել հենց այդ համերգից: Կարծում եք՝ Ռուսաստանի հայ համայնքը համերգներ չի՞ կազմակերպում հենց ապրիլի 24-ին, այն էլ՝ սիրողական խմբակային մակարդակով: Ամեն տարի էլ անում են:

– Դուք նշում եք նաև, որ տոմսեր վերադարձնում են նաև այն մարդիկ, ում նվիրել են այդ տոմսերը՝ իրենց հիմնարկների ղեկավարները:

– Տարբեր հիմնարկներ գնել են մեզանից տոմսերը և նվիրել են իրենց vip հաճախորդներին, աշխատակիցներին…

– Հիմա այդ աշխատակիցներն ու հաճախորդներն իրենց «նվերները» փորձում են Ձեր վրա վաճառե՞լ՝ տոմսերը ետ վերադարձնելու պատրվակով:

– Այո, բայց նրանց մոտ չի ստացվի: Մենք այդ տոմսերի ետևում նշումներ ենք արել և շատ լավ գիտեք մեր ամեն մի տոմսի «հասցեն»:

– Համերգի հետաձգման օրից տոմսեր վաճառվե՞լ են, թե՞ դահլիճում լինելու են նրանք, ովքեր մտադիր չեն ետ վերադարձնել տոմսերը:

– Այո, եղել են, քիչ, բայց եղել են:

– Հնարավո՞ր է, որ հանդիսատեսի սակավության պատճառով համերգը տեղափոխվի փոքր համերգասրահ:

– Ոչ: Համերգը կկայանա միայն Մարզահամերգային համալիրում: Եվ հանդիսատեսը քիչ չի լինելու: Հավատացե՛ք:

 

Տեսանյութեր

Լրահոս