«Լակուզեր Հայաստան» ՍՊԸ-ն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստացավ
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է «Լակուզեր Հայաստան» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակման և արտադրության իրականացման համար հետևյալ էական պայմաններով՝
-ՍՊԸ-ն վերը նշված տարածքում գործունեություն է իրականացնելու բացառապես իր ներկայացրած գործարար ծրագրում նշված նորարարական տեխնոլոգիայով,
-ընկերությունն իր արտադրանքի 100 տոկոսն արտահանելու է ՀՀ տարածքից դուրս,
-ընկերությունը բացառելու է ՀՀ տարածքում գործող որևէ այլ ընկերության հզորությունների տեղափոխումը նշված տարածք, ինչպես նաև կատարելու է գործարար ծրագրով նախատեսված նոր ներդրումներ և ստեղծելու է նոր աշխատատեղեր:
Շահագործողի թույլտվությունը տրամադրվել է հինգ տարով:
Գործադիրն հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015թ. ծրագիրը, որի նպատակն է ենթակառուցվածքի ոլորտային բարեփոխումը, կառույցների հզորացումը, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ԵԱՏՄ և ԵՄ օրենսդրության համադրությունների ու հակասությունների հաշվառմամբ ՀՀ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: