Բաժիններ՝

«Նաիրիտի» մասին՝ ինչպես միշտ

Անցած տարի, երբ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը և ձևավորեց նոր կառավարություն, խոստացավ, թե կառավարությունը ջանք չի խնայի «Նաիրիտի» հետ կապված խնդիրները լուծելու համար։

Թվում էր, թե իսկապես նոր կառավարությանը ոչինչ չի կաշկանդում, և նման նպատակ սահմանելու դեպքում «Նաիրիտի» վերագործարկումը սարերի ետևում չի մնա։ Համանման խոստում տվել էր նաև ՀՀ նախագահը։ Անցած տարի փետրվարին Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարի ժամանակ հայտարարել էր, թե «գեթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա, անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում։

Գոնե նախագծանախահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում` հին «Նաիրիտի» գործարկում»։
Ի՞նչ ունենք այսօր։ Բացի այն, որ Սերժ Սարգսյանի խոստումը «գետնով են տվել», դեռ մի բան էլ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասուլիսում հայտարարում է, թե «Համաշխարհային բանկի ուսումնասիրությամբ «Նաիրիտի» աշխատելը նպատակահարմար չէ»։ Սակայն գործարանի մահվան «մեղքն» ամբողջովին իր ուսերին չվերցնելու համար հավելում է` «այնուամենայնիվ, «Նաիրիտի» աշխատել-չաշխատելու հարցը վերջնական կառավարությունն է որոշելու»։
Իսկ ՀՀ իշխանությունը «Նաիրիտի» վերագործարկման մասին այլևս չի խոսում։ Արծարծվում է միայն նախկին աշխատակիցների աշխատավարձերի պարտքը մարելու հարցը։ Նաիրիտցիներն իրենք էլ հոգնել են անվերջ սուտ խոստումներից, և նրանց մեծ մասն այժմ, ամենօրյա ցույցերի դուրս գալով, պահանջում է միայն պարտքի մարում։

Երեկ նաիրիտցիների հերթական բողոքի ակցիան Ազգային ժողովի առջև էր։ Նրանց հետ հանդիպման իջան մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է նաիրիտցիների հարցը բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի առջև։

Ըստ նրա` ամբողջ մամուլը հեղեղված է «Նաիրիտում» տասնյակ միլիոնների դոլարի գողության ու չարաշահումների մասին հրապարակումներով, նաև էլեկտրաէներգիայի սակագինն են բարձրացնում իրենց գողացածը փակելու համար, բայց Դատախազությունը հետաքննություն չի իրականացնում։ Լ.Զուրաբյանը փորձեց քաղաքականացնել ակցիան ու հայտարարեց, թե նշված խնդիրները լուծում ստանալ չեն կարող, քանի դեռ իշխանափոխություն չի եղել։ Ըստ նրա` կգա մի օր, և իրենք «կքշեն» գործող իշխանություններին։ Զուրաբյանը հիշեցրեց 2008-ի, 2011-ի իրադարձությունները, նշեց, որ այս տարվա փետրվարին էլ էին պատրաստ ԲՀԿ-ի և մյուս քաղաքական ուժերի հետ դուրս գալ փողոց, բայց եղավ այն, ինչ եղավ։
«Իշխանափոխություն» բառն առաջացրեց ցուցարարների դժգոհությունը, և նրանք պահանջեցին չքաղաքականացնել իրենց ակցիան։

Վերադառնալով «Նաիրիտի» խնդիրներին` Լ.Զուրաբյանը հայտնեց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ուղղված իր նամակի պատասխանը սպասում է հաջորդ օրը, այսինքն` այսօր։ Համենայն դեպս, Զախարյանը դա խոստացել է Զուրաբյանի հետ հեռախոսազրույցում։

Ողջունելով իրենց իրավունքների համար պայքարի ելած նաիրիտցիներին` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նրանց կոչ արեց շարունակել լինել միասնական, քանի որ միայն համախմբվելու դեպքում նրանք կարող են իրական արդյունքների հասնել ու «ստիպել Սերժին ընկրկել». «Առանց ձեզ մենք թույլ ենք, ուժ չունենք, քանի դեռ մեր թիկունքին ժողովուրդ չկա։ Դուխներդ տեղը պայքարեք, հալալ ա ձեզ»։

Նաիրիտցիները տեղեկացրին, որ Կառավարության շենքի առջև հինգշաբթի օրվա երկօրյա նստացույցից հետո որևէ արձագանք չկա։ Ցուցարարները պատգամավորներին խնդրեցին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ե.Զախարյանին 2 հարց ուղղել` «Նաիրիտի» բաժնետոմսերի դե յուրե փոխանցումը ՀՀ կառավարությանը և դրա հետ կապված ամբողջական պարտքի մարում ե՞րբ կլինի։

Նաիրիտցիների խնդիրների ու մարդկանց «ալեկոծված» լինելու խնդրով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա` «Նաիրիտի» հարցով ստեղծված ԱԺ ենթահանձնաժողովն անգործության է մատնվել, կառավարության ու ԱԺ-ի միջև համագործակցությունը զրոյական է։
««Նաիրիտի» հարցով պետք է ժողովրդին համատեղ ասելիք ունենանք և պետք է հետևողական լինենք»,- հորդորեց պատգամավորը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Էներգետիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել 2015-36 թթ. ռազմավարության ծրագրի մշակմանը և կարևորեց դրանում պատգամավորների մասնակցությունը։ Հիշեցնելով, որ նաիրիտցիների հետ բազմաթիվ առիթներով հանդիպել է, վարչապետը հայտարարեց, թե «խնդիրը շատ խորն է», լուծում են փնտրում, աշխատել են Համաշխարհային բանկի հետ։ Նա վստահեցրեց, թե ներկայումս բաժնետոմսերի փոխանակման հարցն է լուծվում, և մինչև մայիսի վերջ-հունիսի սկիզբ լուծումը կլինի։ Հ.Աբահամյանը հավելեց նաև, որ մինչև այս տարվա վերջ հանձնարարել է աշխատավարձի պարտքերը մարել։ Վերագործարկման մասին վարչապետը չխոսեց։

Արամ Մանուկյանն էլ Երվանդ Զախարյանից միայն հետաքրքրվեց, թե ճի՞շտ են լուրերը, որ «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի մի մասը հանձնվել է Որոտանի ՀԷԿ-երի համալիրին` նախկինում աշխատավարձերի վճարման նպատակով վերցված փոխառության պարտքի դիմաց։

««Նաիրիտի» բաժնետոմսերի հետ կապված որևէ գործառույթ չի իրականացվել»,- վստահեցրեց նախարարը։

Երեկվա ուշագրավ ու խիստ մտահոգիչ բացահայտումը, թերևս, այն էր, որ ԱԺ-ում «Նաիրիտի» վերագործարկման հարցով ստեղծված ենթահանձնաժողովը մինչ այժմ չի ստացել ՀԲ աուդիտի եզրակացությունը, որը նույնպես վաղուց պատրաստ է ու ներկայացվել է կառավարությանը, և որի վրա հիմնվելով է, որ Ե.Զախարյանը հայտարարում է վերագործարկման ոչ նպատակահարմարության մասին։

Ենթահանձնաժողովը չի ստացել նաև գործարանի վերագործարկման` «Նաիրիտի» տնօրինության ու մասնագետների կողմից մշակված ծրագիրը, որը, ըստ նախապես տարածված լուրերի, դեռ մոտ երեք ամիս առաջ էր ուղարկվել ԱԺ։ Թե ո՞ր կառույցում, գերատեսչությունում կամ օղակում է այս ծրագիրն անհետացել ԱԺ ճանապարհին, պարզ չէ։

Եթե «Նաիրիտի» տնօրինությունը դիտավորությամբ է հայտարարում, թե ուղարկել է ծրագիրը, ապա ստացվում է, որ գործարանի ղեկավարությունը բացահայտ կատարում է նախարարության «հականաիրիտյան» քաղաքականությունը։ Ընդ որում, շրջանառվող լուրերի համաձայն, գործարանի ղեկավարությունն իր արարքը պայմանավորել է ՀԲ աուդիտով։ Իբրև թե, երբ աուդիտը կուղակեն ԱԺ, այն ժամանակ էլ մենք մեր ծրագիրը կուղարկենք։ Մինչդեռ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի, և առնվազն տարօրինակ է, որ վերագործարկման ծրագիրը կապվում է ՀԲ բացասական եզրակացության հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս