Բաժիններ՝

Բարոյականությունը սուբյեկտիվ գնահատման չափանիշ է. Գևորգ Կոստանյան

ՀՀ-ում մարդու իրավունքների զեկույցը ՄԱԿ-ում քննարկելու ժամանակ և նախապատրաստման մասով ՀՀ գլխավոր դատախազությունը չի ներկայացրել գրավոր դիրքորոշում ԱԳՆ-ին՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ իրավապահների գործողությունների օրինաչափության հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեությունը քննարկելու ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Գրավոր դիրքորոշում չներկայացնելը Կոստանյանը հիմնավորեց նրանով, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն անձամբ է մասնակցել ՄԱԿ-ում մարդու իրավունքների պաշտպանության զեկույցի քննարկմանը և անձամբ է ներկայացրել ՀՀ պաշտոնական դիրքորոշումը. «Այդ հարցը հնչել է Իտալիայի դեսպանի կողմից և տրվել է սպառիչ պատասխան: Այսինքն՝ ՀՀ-ն իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է ՄԱԿ-ին»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ բանակում զոհված զինվորների ծնողները դժգոհ են գլխավոր դատախազի երեկվա ելույթից. «Կարծես թե՝ արդարացնում էիք ոստիկանների գործողությունները: Դա բարոյականության և տրամաբանության մեջ չէ և արդարացնել ոստիկանների բռի գործողությունները ոստիկանության մասին օրենքով առնվազն ճիշտ չէ: Իսկ ՄԱԿ-ին պետք է ոչ թե բանավոր, այլ գրավոր պատասխանեինք»:

Գ.Կոստանյանը հակադարձեց, թե բոլորը հնարավորություն են ունեցել տարբեր պաշտոններում իր պաշտոնավարման ընթացքում տեսնելու, որ ինքն իր լիազորությունները չի իրականացում դժգոհության կամ գոհունակության համար. «Անկախ գոհ են, թե դժգոհ են, այդ դիրքորոշումն իրավական է և բխում է օրենքից: Ես չեմ կարող իմ լիազորությունները իրականացնել դրական կամ բացասական հասարակական, հասարակության որոշ խմբի դիրքոշումն ունենալով»: Ըստ նրա՝ բարոյականությունը սուբյեկտիվ գնահատման չափանիշ է:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ բարոյական չէ ու իրավաչափ չէ կնոջը վերցնել և տեղափոխել մյուս մայթ, այլ պետք է դիվանագիտական մեթոդներ կիրառվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս