Էրդողանը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին՝ Ղրիմում արգելքներ դնելու համար

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անընդունելի է համարում Ռուսաստանի իշխանությունների դրած արգելքը, որն առնչվում է Ղրիմում ավանդական զանգվածային միջոցառումներ անցկացնելուն՝ նվիրված 1944 թվականի մայիսի 18-ին Ղրիմի թաթարների բռնգաղթեցման զոհերի հիշատակին:

Էրդողանն այդ մասին հայտարարել է Ղրիմի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևի հետ հեռախոսազրույցում: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան այս սգո օրերին կանգնել է Ղրիմի թաթարների «իր հայրենակիցների» կողքին.

«Բռնագաղթը, որին ենթարկվել է Ղրիմի թաթարների առաջնորդը, պատմության սև էջ է, այդ անմարդկային միջադեպը չի մոռացվի երբևէ: Ղրիմում տեղի ունեցող դեպքերը տագնապահարույց են: Անընդունելի է, որ ռուսական տեղի իշխանությունները Ղրիմի թաթարներին թույլ չեն տվել մայիսի 18-ին իրականացնել ավանդական սգո երթ ու հանրահավաք»:

Հիշեցնենք, որ ռուսական իշխանությունները 2014 թվականի մայիսի 3-ին Մուսթաֆա Ջեմիլևին թույլ չտվեցին մուտք գործել Ղրիմ: Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ արգելքը գործելու է մինչև 2019 թվականը:

Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ Ջեմիլևը Ղրիմի վերջին դեպքերի կապակցությամբ դիմել էր Թուրքիայի օգնությանը և հակառուսական առաջարկներ արել: Դրանից հետո Էրդողանը խոստացել էր զբաղվել այդ արգելքի վերացմամբ:

Տեսանյութեր

Լրահոս