ԵՄ-ն ու Ադրբեջանը ստորագրելու են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու Ադրբեջանը ստորագրելու են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին է ներկայացրել համաձայնագրի նախագիծը:
Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հահնի ու Մամեդյարովի հանդիպումը տեղի է ունեցել Ռիգայում՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի ԵՄ-ի բազմաթիվ երկրների հետ, և որ տվյալ համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի այդ կապերի զարգացման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Համաձայնագրի նախագիծը ներկայացվել է նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիին: