
Հայաստանն ու Բելառուսը Ղրիմի պատճառով հրաժարվել են ստորագրել Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը. մամուլ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը, քանի որ դրանում առկա է «Ղրիմի բռնակցում» արտահայտությունը:
Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Ռուսաստանի կողմից թերակղզու «ապօրինի բռնակցման» արտահայտությունն առկա է եղել փաստաթղթի նախնական տեքստում, սակայն Երևանի ու Մինսկի դիրքորոշման պատճառով մշակվելու է փոխզիջումային հայտարարություն:
Դրանում ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների դիրքորոշումները ներկայացված կլինեն առանձին ձևով: Փաստաթղթում ընդգծվելու է, որ ԵՄ-ը դատապարտում է Ղրիմի միացումը Ռուսաստանին:
Բացի այդ, դրանում ներկայացված կլինեն հետխորհրդային վեց երկրների դիրքորոշումները, որը նրանք հայտնել են Ղրիմի հանրաքվեն դատապարտելու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի քվեարկության ժամանակ:
Այն ժամանակ Հայաստանն ու Բելառուսը պաշտպանել էին Ռուսաստանի դիրքորոշումը: Ռիգայում «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթաժողովը մեկնարկում է այսօր: