ԵՄ-ն Վրաստանի և Ուկրաինայի համար վիզային ռեժիմը կարող է վերացնել 2016 թվականին. Դոնալդ Տուսկ
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի բացառում, որ ԵՄ-ն Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների համար ոչ վիզային ռեժիմ կարող է սահմանել 2016 թվականին.
«Ամեն ինչ կախված է նրանց ջանքերից ու վճռականությունից: Բնականաբար, դա հնարավոր է, սակայն սա ձևական խոստում չէ: Մենք գտնվում ենք գործընթացի միջնամասում, սակայն երկու երկրում՝ Վրաստանում ու Ուկրաինայում, առկա առաջընթացը հիրավի խոստումնալից է»:
Տուսկը հավելել է, որ Վրաստանի ու Ուկրաինայի համար ոչ վիզային ռեժիմի հարցում ԵՄ-ի հաջորդ գնահատականը կարող է տրվել նոյեմբերին, եթե առաջընթացը շարունակվում է նմանատիպ խոստումնալից տեմպերով, ինչպես էր այսօր, ինչն էլ լիովին հնարավոր կդարձնի 2016 թվականին վիզային ռեժիմի վերացմանը հասնելը:
Տուսկն ընդգծել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը երբևէ չի երաշխավորել ԵՄ-ին անդամակցում, սակայն Կիևը, Թբիլիսին ու Քիշնևն ունեն այդ մասին երազելու իրավունք: Տուսկը կարևորել է այդ հարցում սին խոստումներ չտալը, թե դա (ԵՄ-ին անդամակցելը) տեղի կունենա վաղը կամ էլ վաղը չէ մյուս օրը:
Ավելի վաղ Ուկրաինան ու Վրաստանը հույս էին հայտնել, որ իրենց կհաջողվի ԵՄ-ից ոչ վիզային ռեժիմ ստանալ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ: