
Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական զորքերի թիվը տատանվել է 4000-14.000-ի միջև. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում հայտարարել է, որ տարբեր ժամանակներում Ուկրաինայի տարածքում գտնվող ռուս զինծառայողների թիվը տատանվում է 4000-14.000-ի միջև.
«Մեր տարածքում ռուսական զորքերի ներկայության փաստն ապացուցվել է քանիցս, և տարբեր ժամանակներում Ուկրաինայի տարածքում գտնվում է 4000-14.000 ռուս միայն կանոնավոր զինծառայող:
Դրանք ոչ միայն ուկրաինական տվյալներ են, այլև՝ ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական տվյալներ, այլ աղբյուրներ: Մենք ունենք մեր սահմանը հատելու փաստեր, որոնք գրանցվել են արբանյակից»:
Պորոշենկոն ընդգծել է, որ պետք է ուշադրություն հատկացնել ոչ միայն ռուսական զորքերի թվակազմի, այլև՝ զգալի քանակությամբ ժամանակակից սպառազինության վրա՝ ներառյալ հրթիռներն ու զենիթահրթիռային համալիրները: Պորոշենկոն հայտարարել է, որ խաղաղության համար անհրաժեշտ է կյանքի կոչել մինսկյան պայմանավորվածությունները: