
Գերմանիան մտադիր է 10 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել ողջ մնացած խորհրդային ռազմագերիներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանություններ մտադիր են ողջ մնացած խորհրդային ռազմագերիներին վճարել 10 միլիոն եվրո: Այս մասին գործակալությանը հայտնել են Գերմանիայի կոալիցիոն կառավարությունում նրա աղբյուրները:
Նման գումար վճարելու առաջարկով հանդես են եկել Գերմանիայում իշխող ՔԴԴ/ՔՍԴ դաշինքի, ինչպես նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Վերջնական որոշման համար անհրաժեշտ է «Կանաչներ» կուսակցության համաձայնությունը:
Գումարը նախատեսված է ողջ մնացած 4000 ռազմագերիների համար, որոնցից յուրաքանչյուրին մտադիր են վճարել 2500-ական եվրո: Գործակալությունն ընդգծում է, որ տվյալ քայլը չափազանց կարևոր է քաղաքական տեսնակյունից՝ հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններում առկա լարվածությունը: