Ով է պատասխան տալու «երեխու հացից կտրող, հոսանքի համար վճարող մարդկանց»
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ը 200 մլն դրամ է հատկացրել իր իսկ հասցեում գրանցված մի ընկերության՝ տրանսպորտային ծառայությունների համար: Նա հետաքրքրվեց, թե ով է պատասխան տալու «երեխու հացից կտրող, հոսանքի համար վճարող մարդկանց»:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, թե նախարարությունը չի տիրապետում մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որ կան մեծ ֆինանսական խախտումներ: Ըստ նրա՝ նախարարությունը օրենքով որևէ լիազորություն չունի այս կառույցում ուսումնասիրություն կատարել:
«Ընդհանուր խախտումների մասին կան դժգոհություններ, իրոք նման մեծ կորուստների պամաններում կարող են լինել և գողության և կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց Ե.Զախարյանը՝ հայտնելով, որ նախարարությունն ուսումնասիրություն է կատարում էներգետիկ համակարգում և պարզել է պատճառները, որ բերել է այդպիսի մեծ կորուստների: Նա նշեց, որ միջոցառումներ են մշակվել ՀԷՑ-ի մասնագետների մասնակցությամբ և դրանք ընդունվել են ի կատարման:
Ըստ նախարարի՝ առաջիկա տարիներին 1-2%-ով կորուստները կիջնեն և դա կբերի զգալի խնայողության:
Տ.Ուրիխանյանը հորդորեց նյութերն ուղարկել դատախազություն. «Նրանք հիմա կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են»:
Պատգամավորի դիտարկմանը, որ անհրաժեշտ են կոշտ պատժամիջոցներ, Զախարյանը կրկին հայտարարեց, թե նախարարությունը որևէ փաստի չի տիրապետում: Ամեն դեպքում նա պատրաստակամություն հայտնեց եղած անուններն ու փաստերը փոխանցել դատախազություն: