Իլհամ Ալիևը Ռիգայի գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվել է Արևմուտքի դիրքորոշման պատճառով. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրականում ինչու է որոշել չմասնակցել վաղը Ռիգայում մեկնարկող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Իլհամ Ալիևը դրանով իր բողոքն է հայտնել Արևմուտքի կողմից վերջին շրջանում Ադրբեջանի դեմ ծավալած «կանխակալ կամպանիայի» կապակցությամբ:

Բացի այդ, Ալիևը դժգոհ է, որ Եվրոպական կենտրոններից ղեկավարվող հասարակական կազմակերպությունները լայն գործունեություն են ծավալել Ադրբեջանի դեմ:

Աղբյուրների պնդմամբ՝ Ալիևի զայրույթն է հարուցում այն, որ արևմտյան շրջանակները, որոնք հայտարարում են Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերություն ունենալու իրենց շահագրգռվածության մասին, անմիջականորեն մասնակցում են երկրի դեմ անցկացվող «սև փիարին», ինչը տեղի է ունենում հունիսին Բաքվում կայանալիք Առաջին եվրոպական խաղերի շեմին:

Գործակալությանը հաջողվել է պարզել, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հրավիրել է Ադրբեջանում ԵՄ-ի գրասենյակի ղեկավար Մալենա Մարդին ու բողոք է հայտնել նրան՝ «ընդլայնվող հակաադրբեջանական կամպանիայի» համար:

Աղբյուրներն ընդգծել են, որ Արևմուտքում հակաադրբեջանական տրամադրությունների ընդլայնումն ահնար է դարձնում Ադրբեջանի ու Արևմուտքի միջև ռազմավարական գործընկերությունը.

«Ադրբեջանի կառավարությունն իրազեկվել է, որ 2012 թվականին «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի նախօրեի նման, այս անգամ էլ Եվրոպական խաղերից օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է նոր բանաձև ընդունել Ադրբեջանի դեմ: Նախագահ Իլհամ Ալիևը, հաշվի առնելով այդ գործոնները, հրաժարվել է Ռիգայի գագաթաժողովին մասնակցելուց»:

Տեսանյութեր

Լրահոս