
Հալեպը հայաթափվում է. Հարություն Սելիմյան

«Փորձում ենք ամեն կերպ պահպանել Սիրիայի հայ համայնքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը` ներկայացնելով Սիրիայի հայ համայնքում ստեղծված իրավիճակը:
Նրա խոսքով՝ Հալեպում վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված լարվածությունը մեծ վնասներ է պատճառել ոչ միայն հայ, այլև Սիրիայի քրիստոնեական այլ համայնքներին: Նրա որակմամբ` կարելի է ասել, որ Հալեպը հայաթափվում է: Վերապատվելի Սելիմյանի համոզմամբ` հայ համայնքի ղեկավարները փորձում են որքան հնարավոր է՝ պահպանել համայնքը:
«Մենք չենք կարող ստիպել մնալ Սիրիայում այն մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ, նման մարդիկ հեռանում են: Կան շատերը, որոնք չեն պատրաստվում հեռանալ: Պարզապես փորձում ենք մարդկանց լարված շրջաններից տեղափոխել ավելի ապահով շրջաններ: Իրականության մեջ շատ կարևոր է այսօր Սիրիայում քրիստոնեաբնակ բնակչության ներկայությունը, քանի որ դա նույնիսկ քաղաքական խնդիր է լուծում և դա հաշվի է առնվում սիրիական պատերազմի շուրջ միջազգային բանակցությունների ժամանակ»,- ասաց Սելիմյանը:
Նա ցավով նշեց, որ սիրիական պատերազմի մի քանի տարիների ընթացքում բավականին մարդաշատ սիրիական հայ համայնքի միայն մեկ երրորդն է մնացել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: