
Իրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու համար տարածաշրջանի անվտանգությունը. Ռոուհանի
Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու համար տարածաշրջանի անվտանգությունը, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Այս մասին Թավրիզ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի խնդրին՝ Ռոուհանին հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է շարունակել միջուկային բանակցություններն արևմտյան միջնորդների հետ՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար:
Ռոուհանին կարծում է, որ վերջնական համաձայնագիրը ձեռք կբերվի, եթե հակառակ կողմը թուլացնի իր չափազանց մեծ պահանջները: Ռոուհանին ընդգծել է, որ խաղաղ միջուկային գործունեությունից բացի, Իրանի համար կարևոր է նաև տնտեսական աճը:
Ռոուհանին հայտարարել է, որ չնայած հում նավթի կտրուկ գնանկմանը, իր վարչակազմն աշխատում է երկրում տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ: