ՀԷՑ-ն անհասկանալի ծախսե՞ր է անում
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունը ՀԷՑ-ի կայքում, որտեղ, ըստ նրա՝ կան մի շարք «անհասկանալի» թվեր:
Նա հորդորեց ՀԷՑ-ի կայքում նայել 2015 թվականի գնումների պլանը. «Եթե դուք նայեք հայտի մեջ, ցեմենտի 3 միլիարդի գնումներ է նախատեսված, որ իրենց գնումների պլանի մեջ չկա: Եթե այդ ցեմենտնիրենք նախատեսում էին ինչ-որ աշխատանք կատարելու համար, պետք է իրենց 2015 թվականի գնումների պլանի մեջ լինի»:
Նա նկատեց, որ ՀԷՑ-ի կայքում, բացի գնումների պլանից՝ կա նաև մրցույթների վերաբերյալ հայտարարություն. «Ես մի ֆիրմա գտա, որը շատ կարկառուն ու հետաքրքիր ֆիրմա է՝ կոչվում է «Էկթրաք սերվիս»: Սա այն ֆիրման է, որը, օրինակ, 2014 թվականին 198 միլիոն դրամի տրանսպորտային ծառայություններ է մատուցում: Երբ մենք նայում ենք «Սփյուռում» և հենց e-register.am-ում, նրանց իրավաբանական հասցեն գրանցված է նույն էլեկտրացանցերի իրավաբանական հասցեն: Ինձ համար ակնհայտ է, որ դրանք փոխկապակցված ֆիրմաներ են: Ավելին, «Սփյուռում» նայում ենք՝ այս ֆիրման ընդհանրապես մեքենաների հետ կապ չունի, այն էլեկտրական ցանցերի և կայանների կառուցման, նորոգման և սպասարկման ձեռնարկություն է: Երբ նայում ենք harkatu.am-ում նրա վճարած հարկերը 2013-14-ին՝ չնչին ծավալների են, բայց, ըստ էության՝ ինքը այդքան մեծ ծառայություններ է անում, և ամենակարևորն այն է, որ ինքն ընդհանրապաես շինանյութերով է զբաղվում: Այսինքն՝ պարզ չէ՝ ինչ է անում»:
Ըստ տնտեսագետի՝ հենց այս «անհասկանալի» ծախսերն են, որ մտնում են սակագնի մեջ, ու մենք անուղղակիորեն վճարում ենք:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: