Գալուստ Սահակյանը՝ Սեյրան Սարոյանի և Զարուհի Փոստանջյանի վիճաբանության մասին

Այսօր խորհրդարանում լրագրողները Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա գնահատում գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարքը երեկ ԱԺ-ում, երբ Սուրիկ Խաչատրյանին պաշտպանելով նա վեճի էր բռնվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ:

«Մարտադաշտո՞ւմ, թե՞ Ազգային ժողովո՞ւմ,- փորձեց կատակել Գ.Սահակյանը, ապա շարունակեց,- Եթե երբեմն-երբեմն մարդիկ, երբ հայտարարություններ են անում, մտածում են բացարձակ ճշմարտություն են ներկայացնում և կրքեր են հասունացնում… Բնական է, ինձ համար շատ հաճելի կլինի, եթե իրավիճակը շատ բարեկիրթ լինի, բայց անկանխատեսելի է, թե ինչպիսի ուղղությամբ կգնա: Եթե հիմնավորված լինի նրա ասածը, դրա համար համապատասխան մարմիններ կան: Այսօր նորից Զարուհի Փոստանջյանը իր հայտարարության տեքստը շրջանառության մեջ է դրել, որը նախորդ անգամ ընդունել է, որ էթիկայի նորմերից դուրս է: Այսինքն, թվում է, կարող է որևէ պատգամավոր մեկին կլասիկ ձևով հայհոյի ու դա դնենք շրջանառության մեջ: Ըստ էության, դրանից հետո նախորդ անգամ ինքը դիմել էր վարչական դատարան, վարչական դատարանն էլ չի ընդունել, փաստացի օրենքին չի հակասել»:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի մտածում Սուրիկ Խաչատրյանից ազատվելու մասին, Գ.Սահակյանը հայտարարեց, թե իր կարծիքով, որևէ հայ մյուսից ազատվելու մասին չպետք է մտածի. «Պետք է մտածի հետևյալի մասին, որ նման դեպքեր չլինեն, առավել ևս կանխավ, չեմ կարծում, որ տեսակետ պետք է ես հայտնեմ: Ես կարծում եմ, որ հանցագործը պետք է պատժվի: Եթե դու լինես գլխավոր դատախազ և քննության առնես, բերես ցույց տաս, ես կհավատամ, որ հանցագործ է, դու պարզապես էդպես ես մտածում, որ հանցագործ է: Հիմա, ով ում հետ չունի, վարկաբեկի՞: Նեքին ձևով մեղադրականը գրել եք ու կարծում եք էդպես է: Իրավաբանությունը լիրիկա չէ»:

Դիտարկմանը, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ԱԺ նախագահը հակադարձեց, թե լրագրողները չեն կարող դատավոր լինել, գործում է դատաիրվական համակարգը: Գ.Սահակյանը հայտարարեց, թե հասարակության մեծամանության անունից, առավել ևս լրագրողները՝ չպետք է խոսեն, և այդպես չէ, որ հասարակական կարծիք ստեղծող են լրագրողները: Ըստ նրա՝ ինչքան խոսքի ազատություն է, այնքան հասարակության կողմից անվստահություն է առաջանում լրագության նկատմամբ:

Կարդացեք նաև

Թե ինչո՞վ է թանկ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ի համար, որ ամեն ինչ ներվում է նրան, Գ.Սահակյանը վստահեցրեց՝ ինչքանով ցանկացած լրագրող, ՀՀ ցանկացած քաղաքացի: Նա նշեց, որ խոսել է Սուրիկ Խաչատրյանի հետ, նա էլ ասում է, թե իրեն փորձում են վարկաբեկել:

Գ.Սահակյանը նշեց, որ Ս.Սարոյանին պատասխանատվության չի ենթարկի իր պահվածքի համար. «Ոչ միայն Սարոյանին պետք է փորձել, այլ այնպիսի իրավիճակ պետք է ստեղծել, որ մարդ ավելի զուսպ լինի, ինձնից սկսած: Եթե նկատողություն անելու լիենք, և՛ Զաչուհուն, և՛ նրան պետք է նկատողություն անենք: Բայց սա հիմնարկ չէ, որ նկատողութուն անենք»:

168.am-ի հարցին, թե արդյոք էթիկայի շրջանակներում է եղել Սարոյանի պահվածքը, Գ.Սահակյանը կրկին փորձեց ուշադրություն հրավիրել մյուս կողմի, այսինքն Զ. Փոստանջյանի պահվածքի վրա. «Դիմացինը պետք է էթիկայի մեջ լինի: Սարոյանը կարտեր չի գողացել»: Մեր հարցին, այսինքն արդարացնո՞ւմ է Սարոյանի վարքը, Գ.Սահակյանը պատասխանեց. «Չեմ արդարացնում: Յուրաքանչյուր բան չի կարելի արդարացնել: Իսկ խորհրդարանին կրքերը միշտ էլ հասու է, և ոչ միայն Հայաստանում, այլ աշարհում»:

Տեսանյութեր

Լրահոս