Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Կասեմիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը:
Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, և այդ նպատակով այժմ քննարկումներ են անցկացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

Զրուցակիցները կարևորել և հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում ԱՄԷ-ի գործարար հատվածի ներգրավվածության ընդլայնումը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության:

Հանդիպման ընթացքում դեսպան Կասեմին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները և ԱՄԷ այցելելու հրավերը: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և դեսպանին փոխանցել ԱՄԷ-ի վարչապետի Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության խթանման և ընդլայնման ուղիները:

Տեսանյութեր

Լրահոս