Ցարնաևը դարձել է ամերիկյան հատուկ ծառայությունների զոհը. Կադիրով
Lenta.ru-ի փոխանցմամբ` Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ԱՄՆ-ում մահվան դատապարտված Ջոհար Ցարնաևին անվանել է ամերիկյան հատուկ ծառայությունների զոհ: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում.
«Ամերիկյան հատուկ ծառայություններին, որոնց մեղադրել են բոստոնյան աղետին մասնակցելու մեջ, անհրաժեշտ էր զոհ: Նրանց զոհն էլ դարձել է Ցարնաևը»:
Կադիրովը կողմ է արտահայտվել հանցավորության կոշտ ճնշմանը` ընդգծելով, որ յուրաքանչյուր չարամիտ մարդ պետք է վնասազերծվի. «Ես չեմ հավատում, թե Ցարնաևները, առանց ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների իմացության, իրականացրել են այդ ահաբեկչությունը, եթե նրանք արել են դա»:
Մայիսի 15-ին երդվյալ ատենակալները, որոնք դիտարկել են Ջոհար Ցարնաևի գործը, նրան մեղավոր են ճանաչել Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն գործելում և քվեարկել են նրան մահվան դատապարտելու օգտին:
Պաշտոնական որոշումը դատավոր Ջորջ ՕՏուլը կհրապարակի առաջիկա ամիսներին: Փաստաբանները կարող են բողոքարկել այդ որոշումը: Ապրիլի 8-ին Ցարնաևը մեղավոր է ճանաչվել բոլոր 30 կետերով, որոնցից 17-ը նախատեսում են մահապատիժ:
Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացվել է 2013 թվականի ապրիլի 15-ին, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել է ավելի քան 250 մարդ: Պայթյունների կազմակերպման մեջ մեղադրել են Ցարնաև եղբայրներին, որոնք ԱՄՆ են տեղափոխվել մոտ 10 տարի առաջ: