«Պետք է դատել ՀԷՑ նախկին ու այսօրվա ղեկավարներին». Հրանտ Բագրատյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասուլիսում հայտարարել էր, որ վերջին տարիներին Հայաստանի էլեկտրացանցեր ըւնկերության կրած խոշոր վնասների հարցում կարևոր դեր է խաղացել նաև ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքը, իսկ կորուստների հսկայական չափի պատճառը նաև գողությունն է: Սակայն, չնայած այս ամենին, Հայաստանի Հանրապետությունը անգամ չի փորձում ազատվել ՀԷՑ-ի վատ կառավարիչներից ու չթանկացնել էլեկտրաէներգիան:
168.am-ը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կերպ կարող է Հայաստանի Հանրապետությունը փոխել ՀԷՑ-ի մենեջմենթը: Հ.Բագրատյանը նախ նշեց, որ սկզբում ՀԷՑ-ը տրվեց «Միդլենդ ռեսուրսին», որ 25մլն դոլարով գնեց, հետո 80 մլն-ով վաճառեց ռուսներին և 60 մլնը հենց այնպես դրեց գրպանը, որի համար ՀՀԿ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, պետք է պատասխանատվություն կրեն:
Ըստ Հ.Բագրատյանի՝ խնդիրը պետք է լուծել դատական կարգով. «Պետք է դատել ՀԷՑ նախկին ու այսօրվա ղեկավարներին, որոնք, արդեն բոլորն են խոստովանում, տնտեսական վնաս են հասցրել կազմակերպությանը։ Պետք է խորանալ, թե այս ամենի մեջ ինչ ներդրում են ունեցել մեր իրավապահները վերջին 10 տարիներին»:
Մեր դիտարկմանը, արդյոք ՌԴ-ն նորից, Պերմյակովի օրինակով, կարող է ասել՝ իրենք ՌԴ քաղաքացի են, ու այդպիսով կխուսափեն պատասխանատվությունից, Հ.Բագրատյանը պատասխանեց, որ նախ՝ այժմ չպետք է բարձրացնել սակագինը նրանց ուզած չափով. «Թող վնաս կրեն: Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը երաշխիք տալիս նրա պարտքերին: Թող կանգնեցնեն գործունեությունը: Ես ասել եմ՝ ստեղծեք զուգահեռ ցանցեր, բայց միաժամանկ պատժեք նրանց, ովքեր մեղավոր են: Պարտքերի հիմնական պատճառը, ըստ էներգետիկայի նախարարի, գողությունն է: Հիմա կոնկրետ մարդիկ են չէ՞ գողացել: Ե՛վ ասում են, որ գողացել են, և՛ ասում են, որ պետք է սակագին բարձրացնեն, որ իրենց գողացածը փակենք: Գողացել, Հայաստանից տարել են այդ փողը: Ես դրական եմ համարում Զախարյանի ելույթը, որ գողություն ասեց, չարաշահում չասեց: Եթե ռուսական պետական ընկերություն է, նա պարտքերի խնդիր ունի Ռուսաստանի հետ, ոչ թե Հայաստան պետության: Իսկ ընդհանրապես այստեղ մենք ունենք կառուցվածքային խնդիր, որ ՀԷՑ-ը պետական ընկերություն և ուրեմն ոչ մեկինն է, և սակագնային խնդիր՝ մոնոպոլիստի համար ի՞նչի ենք սակագին հաստատում՝ չեմ հասկանում»։