Խաղից առաջ. «Ռեալ Մադրիդ»-«Յուվենթուս»
Չեմպիոնների լիգայի գավաթի ներկայիս տիրակալ «Ռեալ Մադրիդն» այսօր երեկոյան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպման շրջանակներում ուժերը չափելու է «Յուվենթուսի» հետ: Թուրինում Անչելոտիի սաները պարտվել են 1:2 հաշվով:
Առաջին խաղի արդյունքը երկու թիմերին էլ տալիս է եզրափակիչ դուրս գալու հավասար հնարավորություն: 1:2 հաշվով պարտությունը մադրիդյան ակումբի համար հաղթահարելի է. հաշվի առնենք այն հանգամանքը ևս, որ պատասխան հանդիպումը կայանալու է Մադրիդում ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Թուրինյան ակումբի հետ խաղից առաջ «Ռեալ Մադրիդն» այնքան էլ հաջող խաղ չանցկացրեց Իսպանիայի առաջնությունում, ոչ-ոքի՝ 2:2 հաշվով խաղալով «Վալենսիայի» հետ: Այսպիսով, մադրիդցիները գրեթե կորցրեցին Իսպանիայի առաջնության չեմպիոն դառնալու հույսը: Այնպես որ, Չեմպիոնների լիգայի գավաթը միակն է, որ «Ռեալ Մադրիդը» կարող է նվաճել այս մրցաշրջանում:
«Արքայական ակումբը», սակայն, հանդիպմանը մոտենում է լուրջ կորուստներով. ամենայն հավանականությամբ, չեն խաղա Լուկա Մոդրիչը և Քարիմ Բենզեման:
«Յուվենթուսն» արդեն հաղթել է Իտալիայի առաջնությունում, այնպես որ, ողջ ուժերը կարող է կենտրոնացնել մադրիդցիների հետ խաղի վրա: «Ծեր սենյորայի» առաջին կազմի ֆուտբոլիստների մեծ մասը մարզիչ Ալեգրիի կամքով չմասնակցեցին «Կալյարիի» հետ հանդիպմանը՝ ստանալով հանգստանալու հնարավորություն:
Հաղթանակն առաջին խաղում թուրինյան ակումբին չի տալիս ահռելի առավելություն. սեփական հարկի տակ գոլ են բաց թողել: Այնպես որ, Մադրիդում պետք է անել ամեն բան սեփական դարպասը գոլ չընդունելու համար: Պոլ Պոգբայի վերադարձով ամբողջանում է Վիդալ-Պոգբա-Պիռլո եռյակը. այս եռյակն ունի լավ հնարավորություններ գրավելու Իկեռ Կասիլիասի պաշտպանած դարպասը:
Ըստ բուքմեյքերների՝ ընդհանուր դիմակայությունը կշահի «Ռեալ Մադրիդը», բայց վերջինիս առավելությունը շատ մեծ չէ:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա Մադրիդում այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկի շվեդ մրցավար Յոնաս Էրիկսոնը:
Սիրարփի Աղաբաբյան