Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզիկներին և մարզիչներին
Այսօր` մայիսի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց 2015թ. ապրիլին Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորեց մարզիկներին` հաջողություններ մաղթելով առաջիկա մրցաշարերում:
Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց մարզիկների և մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական, հատկապես, որ Գյումրու սպորտը մշտապես առաջատար դիրքերում է: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար՝ խոստանալով հաջորդ մրցաշարերից եւս վերադառնալ մեդալներով: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզիկներին և մարզիչներին` խոստանալով մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպորտը: