Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսը (ուղիղ միացում)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այն լինելու է ամենամասշտաբայինը Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ:
Բացի այդ, այն լինելու է տեխնիկապես ամենահագեցած զորահանդեսը Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ: Դրան մասնակցելու են սպառազինության ու ռազմական տեխնիկայի նորագույն ու հեռանկարային տեսակներ:
Այս տարվա զորահանդեսին մասնակցում է ավելի քան 16.500 զինծառայող, որոնց թվում կան նաև բարեկամական երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Մոնղոլիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Չինաստանի զինծառայողներ:
Զորահանդեսում ներգրավված է մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև 143 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Զորահանդեսը բաղկացած է 4 մասից. պատմական հաշվարկների, հետևակային շարասյունների, մեխանիզացված հաշվարկների ու ավիացիայի անցում:
Զորահանդեսի երաժշտական ուղեկցումն իրականացնում է Մոսկովյան կայազորի հազարափող նվագախումբը: Զորահանդեսի ժամանակ երաժիշտները պետք է կատարեն ավելի քան 50 մարշ և շարային մեղեդի: Զորահանդեսին ներկա են մոտ 30 երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ: