Փողը պակասել է
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախօրեին հրապարակված տվյալները, թերևս, ավելի տխուր են, քան կարելի էր ենթադրել։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր դրամական փոխանցումներին (կամ՝ տրանսֆերտներին)։ Դրանք սարսափելի անկում են ապրել։
Այսպես, 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումների ծավալը կազմել է 206.3 միլիոն դոլար։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում ՀՀ էր փոխանցվել 331 միլիոն դոլար։ Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով տրանսֆերտները նվազել են 124.7 միլիոն դոլարով կամ 37.7%-ով։
Տրանսֆերտների ստացման հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը, որին բաժին է ընկնում ընդհանուր ներհոսքի 70%-ը (144.3 միլիոն դոլար)։ Սակայն նախորդ տարվա համեմատ՝ ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտները գրեթե կիսով չափ կրճատվել են՝ 263.4 միլիոն դոլարից հասնելով 144.3 միլիոն դոլարի։
Ընդհանուր առմամբ, տրանսֆերտային հոսքերը նվազել են բոլոր երկրներից, բացի ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ից Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական անձինք փոխանցել են 26.4 միլիոն դոլար, որը շուրջ 5 միլիոն դոլարով կամ 23.3%-ով բարձր է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Նվազել են նաև ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով Հայաստանից արտերկիր կատարվող փոխանցումները՝ 81.5 միլիոն դոլարից հասնելով 76.5 միլիոնի։ Սակայն ուշագրավն այն է, որ այդ թվում՝ դեպի Ռուսաստան ուղարկվող գումարներն ավելացել են 5.3 միլիոն դոլարով՝ 44.7 միլիոնից հասնելով 50 միլիոն դոլարի։
Դեպի ՌԴ արտահոսքի աճը կարող է վկայել այն մասին, որ ՌԴ-ում աշխատող միգրանտների ֆինանսական դրությունն այնքան էլ լավ չէ, և բարեկամներն այստեղից են փող ուղարկում նրանց։
Մյուս կողմից՝ արտերկրից ստացվող տրանսֆերտների շեշտակի նվազումը լուրջ ահազանգ է, որը չի կարող բացասական ազդեցություն չունենալ ՀՀ ներքին համախառն սպառման ու տնտեսական ակտիվության վրա։