
Ռուսական նորագույն «Արմատա» տանկը ռիսկի է դիմում կրկնել «Բուլավա» հրթիռի ճակատագիրը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական հանրահայտ, նորագույն «Արմատա» տանկը ռիսկի է դիմում կրկնել «Բուլավա» հրթիռի ճակատագիրը, որն արդեն մի քանի տարի կանոնավորապես հրաժարվում է թռչել:
Այսօր Մոսկվայում անցկացված Հաղթանակի 70-ամյակի զորահանդեսի գլխավոր փորձի ժամանակ «Արմատա» տանկն արգելակել է ուղիղ Լենինի դամբարանի առջև և մնացել է այնտեղ:
Վարողը փորձել է ներկայացնել, թե դա պլանային իրավիճակ է, որը իբրև թե կոչված է ի ցույց դնել նոր մեքենայից տարհանման հնարավորությունները, սակայն լրատվամիջոցը պարզել է, որ տանկն իսկապես հարկադրաբար է կանգ առել:
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են ռազմական շրջանակներում նրա աղբյուրները: Կարմիր հրապարակից «Արմատան» հեռացնել հաջողվել է միայն «Ուրալվագոնզավոդի» փորձարկող վարորդին, ով հաջողությամբ գործի է գցել տանկի շարժիչը, ինչից հետո մեքենան շարժվել է ինքնուրույն:
Աղբյուրներն ընդգծել են, որ տանկի շարժիչի հանգելը կապված է եղել մարդկային գործոնի հետ: Ընդ որում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է «Ուրալվագոնզավոդի» գործարանային վարորդների ծառայություններից:
Այժմ չի բացառվում, որ տվյալ տանկի անձնակազմը կարող է փոխարինվել:
Ընդգծվում է, որ «Արմատա» տանկը մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում երկու անգամ ձախողել է զորահանդեսի փորձերը: