«Գալուստ Սահակյանին հարվածելու համար չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել». Գալուստ Սահակյան
«Աղմուկը, որ բարձրացվել է, քաղաքական է, դա էլ եմ հասկանում: Բայց հայ-վրացական հարբերություններում ես մի փոքրիկ դերկատարում ունեմ: Իմ առաջին այցերից մեկը Վրաստան է եղել, հանդիպել էի երկրի նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի հետ, ներկայացրել մոտեցումները: Այնպես որ՝ Գալուստ Սահակյանին հարվածելու համար չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել, անիմաստ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ իր հանդիպման պատճառով ծագած հայ-վրացական դիվանագիտական սկանդալը:
Նա խորհուրդ տվեց «ընդունել» բառը չօգտագործել, քանի որ եղել է ընդամենը հանդիպում, ձեռքսեղմում, Բիբիլովը ցավակացել է ապրիլի 24-ի կապակցությամբ: Ըստ Գ.Սահակյանի՝ եթե Վրաստանից պատասխան պահանջեին, իր կոլեգան կզանգեր իրեն. «Թնջուկ եք սարքել, որովհետև այսքան ժամանակ Գալուստ Սահակյանին վարկաբեկելու այլ առիթ չգտան: Փորձել են պրոբլեմ դարձնել, բայց չի ստացվի»: Թե ո՞վ է դավեր նյութում իր դեմ, Գալուստ Սահակյան չբացահայտեց, միայն նշեց, որ եթե դա հարցնեին երկրորդ, երրորդ օրը, հասկանալի էր, բայց «լրատվությանը ձեռ չէր տալիս հարցնել Գալուստ Սահակյանին, պարզաես անհրաժեշտ էր որևէ խնդիր բարձրացնել»:
«Միջպետական հարաբերություններում և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ ԱԺ նախագահն իմ անձնական տեսակետը գիտեն, որ նույն պետականն է: Մնացածն անհեթեթություն է, որ Գալուստ Սահակյանը դիվանագիտությանը չի տիրապետում: Ես կարծում եմ, եթե Գալուստ Սահակյանի կողքը կանգնեն մի քանի ժամ, ոչինչ չհասկանան էդ ամեն ինչից, մի փոքր գաղափար կկազմեն:
Ես իմ խղճի առաջ միշտ պատասխանատու եմ և կարծում եմ, էն անհահեթեթ խոսակցությունները, որ պտտվում են, դրանք իմաստազուրկ են ընդհանրապես: Գալուստ Սահակյանն, առավել ևս մեր պետությունը, որևէ հարաբերություն չունի Օսեթիայի հետ, որպեսզի Գալուստ Սահակյանն ընդուներ և խոսեր այդ հարաբերությունների մասին»,- ասաց ԱԺ նախագահը:
Ըստ նրա՝ Վրաստանից իրեն որևէ հեռախոսազանգ, հարաբերությունների պարզաբանման փորձ չի եղել: Գալուստ Սահակյանն անիմաստ համարեց, որ ինքը զանգեր իր գործընկերոջը. «Ոչ փորձում եմ գնահատական տալ ովքեր փորձում են խարազանել, ոչ էլ նրանց, որ գովում են: Ժամանակը ցույց կտա, արդեն ցույց է տվել»:
«Խնդիրը ուզում է փակվի, ուզում է չփակվի: Խնդիրը փակել նշանակում է լրագրողների բերանը փակել, իսկ ես դա երբևէ չեմ ընդունում»,- նկատեց Գ.Սահակյանը՝ հավելելով, որ գուցե Վրաստանի քաղաքական որոշ ուժեր են հարցը բարձրացրել:
Թե ինչո՞ւ լուսանկարվեց Օսիայի գործընկերոջ հետ, Գ.Սահակյանը պատասխանեց, թե չի էլ նկատել, որ նկարում են. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ ինչ-որ թաքուն տեղերում հանդիպեմ: Երևի ինչ-որ մեկը նկարել է: Ընդհարապես, որ նայում եմ ադ նկարը, ես նման հագուստ էլ չունեմ»: